Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Բերքաբեր համայնքում, որտեղ այցելեց նորակառույց դպրոց ծանոթացավ խնդիրներին և պայմաններին: Բերքաբեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Բալասանյանը լրագրողների հետ զրույցում համոզվածություն հայտնեց, որ ԱԺ նախագահի այցը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի այստեղ սովորող մանուկներն իր ենց արժեւորված ու գնահատված զգան:

 

«Դպրոցը վերանորոգվել է պետական միջոցներով, ունենք հրաշալի մասնաշենք, ու քանի որ աշակերտները նախկինում սովորում էին վատթարագույն պայմաններում, ներկայիս պայմանները դրական կազդեն իրենց կրթական գործընթացի վրա: Ունենք եվրոպական չափանիշներին համապատասխանող մարզադահլիճ, համակարգչային սենյակ: Դպրոցն ունի ընդամենը 37 աշակերտ, դա մեզ համար ամենացավոտ խնդիրն է, սակայն քանի որ սահմանամերձ համայնք է, նույնիսկ երկու աշակերտի համար արժե դպրոց պահել»,- ասաց նա:

 

Դպրոցի մի շարք դասասենկայներ չեն օգտագործվում անվտանգության նկատառումներով: Վոլոդյա Բալասանյանը, ԱԺ նախագահին ներկայացնելով դպրոցում առկա խնդիրները, նշեց, որ այդ դասասենյակները հակառակորդի թիրախում են և վտանգավոր է դրանք օգտագործելը: «Այս պահին դասասենյակները մեզ պետք չեն, քանի որ դպրոցում ընդամենը 37 աշակերտ է սովորում, սակայն հետագայում մենք նախատեսում ենք ավելացնել երեխաների թիվը: Այս տարի մեր փոքրիկ գյուղում արդեն 11 երեխա է ծնվել, ինչը խոսում է այն մասին, որ ապագայում մենք այս դասասենյակներն օգտագործելու խնդիր կունենանք»,-նշեց նա: Հովիկ Աբրահամյանը խոստացավ քայլեր ձեռնարկել, որպեսզի հակառակորդի թիրախում գտնվող դասասենյակներին զրահապատ պատուհաններ դրվեն:

 

Դպրոց այցելելուց հետո ԱԺ նախագահը հանդիպեց սահամամերձ համայնքի բնակիչների հետ, տեղեկացավ համայնքում առկա բազմաթիվ խնդիրների մասին. Բերքաբերը չունի գազամատակարարում եւ ջրամատակարարում, համայնքային ճանապարհն ասֆալտապատման կարիք ունի: Լինելով սահմաանամերձ եւ մշտապես գտնվելով հակառակորդի կրակի ներքո' համայնքը գրեթե չունի մշակելի հողատարածքներ, չկա աշխատատեղ:

 

Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ներկայումս կարեւորագույնը ջրամատակարարման խնդրի լուծումն է, ինչը կիրականացվի շտապ կարգով: Գազիֆիկացման խնդիրը նույնպես լուծման ճանապարհին է: Օրենսդիրի ղեկավարը փաստեց, որ սահմանամերձ համայնքների նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, եւ դա քննարկմա ենթակա չէ: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սահմանամերձ համայնքները մշտապես լինեն ուշադրության կենտրոնում: Տեղյակ ենք բոլոր խնդիրների մասին, սակայն բազմաթիվ խնդիրներ ծառացած են ողջ մեր երկրի առաջ, եւ մենք փորձելու ենք աստիճանաբար լուծել դրանք: Պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ այդ խնդիրները մենք չենք արհամարհում, ուղղակի չունենք մեծ ռեսուրսներ' բոլոր խնդիրները միանգամից լուծելու համար: Սակայն փաստ է նաեւ այն, որ ապագայում դրանք բոլորը լուծվելու են: Իմ այցից հետո մենք շատ ակտիվ աշխատելու ենք այս համայնքի հետ»- ասաց ԱԺ նախագահը:

 

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Նրա առաջին կանգառը մարզի զորամասերից մեկն էր, որտեղ ծանոթացավ զինվորնորի առօրյային և խնդիրներին: Այնուհետև ԱԺ նախագահը բարձրացավ սահմանապահ դիրքեր, թեյի սեղանի շուրջ զրուցեց զինվորների և սպաների հետ: Բերքաբեր համայնքում Աբրահամյանը այցելեց նորակառույց դպրոց, համակարգիչ և մարզական գույք նվիրեց դպրոցին, որից հետո շփվեց բնակչության հետ: