Սևանա լճի գլխավոր հարստությունը քաղցրահամ ջուրն է, որը շատ երկրներում նավթից էլ թանկ բնական բարիք է համարվում: Փետրվարի 18-ին հրավիրված ասուլիսում «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն բնապահպան Գագիկ Սուխուդյանը նշեց, որ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր, որպեսզի փոխվի հանրության, պետության և գործարար հատվածի վերաբերմունքը Սևանի հանդեպ:
«Քաղցրահամ ջուրն այս տարածաշրջանում իշխող, որոշիչ գործոն է, որը տարիներ հետո ոսկու գին կարող է ունենալ»,-նշեց Սուխուդյանը:
Նրա գնահատմամբ' մտահոգիչ է, որ Սևանի ավազանում շարունակում է զարգանալ հանքարդյունաբերությունը' չնայած «Սևանի մասի օրենքի» առկայությանը:
Բնապահպանի կարծիքով' Սևանի աղտոտման գործում իրենց մեղքն ունեն նաև հարակից գյուղերի բնակիչները:
«Գյուղերի միջով անցնելիս' Սևան թափվող գետերն ու գետակները վերածվում են աղբատարի կամ կոյուղու: Ամենամաքուր վտակը Արփա-Սևան ջրանցքն է, որովհետև այն գյուղերի միջով չի անցնում»,-պարզաբանեց բնապահպանը' շեշտելով, որ ջրի նկատմամբ իրենց վերաբերմունքում մարդիկ սրբությունը վաղուց են կորցրել: Նա կոչ է անում հիշել, որ Հայաստանն ու Սփյուռքը Սևանա լճից առավել թանկ բան չունեն:
«Առաջին հերթին պետք չէ աղբ շպրտել ջրի մեջ: Հաճախ մենք ջրի իմաստը չենք հասկանում և չենք պատկերացնում այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ Սևանի հարստությունը կորցնելու դեպքում»,-ընդգծեց բանախոսը:
Սուխուդյանը Սևանի վիճակը տագնապալի է համարում նաև ելնելով ՀՀ կառավարության այն որոշումից, որի համաձայն ըստ «Սևանի մասին օրենքի» թույլատրելի տարեկան մինչ 170 միլիոն խմ բաց թողնվող ջրին պետք է ավելանա ևս 70 մլն խմ ջուր:
«Բաց թողնվող ջրի այս քանակը շատ-շատ է, որը կարելի է կիրառել ոչ թե մեկ տարում, այլ հինգ տարին մեկ կտրվածքով, սակայն համոզված եմ, որ Ազգային ժողովը կհաստատի Կառավարության այս որոշումը»,-ավելացրեց Սուխուդյանը: Նա դեմ արտահայտվեց նաև Սևանի Շորժա ափին մեկնարկած պիլոտային ծրագրին, որը միտված է ձկնային պաշարների ավելացմանը: Այս քայլը բնապահպանը որակեց միայն որպես բիզնես- շահ: