Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է այն մասին, որ երկրի զինված ուժերը պարբերաբար խախտում են թուրք-քրդական զինադադարը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Քրդական կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում քրդերով բնակեցված Շըրնաքի նահանգում զինվորական տեղաշարժեր են տեղի ունենում: Փետրվարի 15-ից ի վեր սկսել են օդում հայտնվել անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ռազմական ինքնաթիռներ: «Այս ամենը նշանակում է, որ մոտ մեկ տարի շարունակվող զինադադարը խախտվում է»,- ասել են Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները' ընդգծելով, որ պատրաստ են համարժեք պատասխան տալ թուրքական կողմի ցանկացած գործողությանը:

 

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած' քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: