Ադրբեջանի զինված ուժերը այսօրվա ընթացքում երեք զինծառայող են կորցրել: Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնում են , որ այսօր ժամը 15:30-ին հրազենային վիրավորումից զոհվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Քերեմ Շահին օղլու Նոխբալիեւը: Նշվում է, որ զինվորը զոհվել է «մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ»: Ադրբեջանի ՊՆ-ը չի հայտնել, թե որտեղ է տեղի ունեցել միջադեպը:

 

Նշվում է միայն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Նոխբալիեւին հետմահու պարգեւատրել է «Գերազանց զինծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

 

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքին, այսօր առավոտյան հայտնել էր, որ Թովուզի շրջանի Աշաղը Ալիբեյլի գյուղում բեռնատարի եւ մարդատար ավտոմեքենայի բախման հետեւանքով հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում մարդատարի վարորդը, ադրբեջանական բանակի N զորամասի սպա, Իսմայիլլիի շրջանի բնակիչ (ծնվ. 1986թ.) Էլչին Թաղի օղլու Նազարովը եւ ուղեւոր, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, Թովուզի շրջանի Օյսույլու գյուղի բնակիչ (ծնվ. 1983թ.) Էլչին Զաքիր օղլու Զեյնալովը ողջ-ողջ այրվել են: Բեռնատարի վարորդ, Գյանջա քաղաքի բնակիչ Սալեհ Ազիզ օղլու Մամեդովը (ծնվ. 1947թ.) ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը հանգցրել են դեպքի վայր եկած հրշեջները:

 

2014թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 12 զինծառայող, որոնցից 9-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 4-ը' ինքնասպանություն են գործել, 16 զինծառայող էլ վիրավորվել է: