Ուկրաինական ճգնաժամը ոչ թե որպես ռուս-ամերիկյան կամ ռուս-եվրոպական խնդիր պետք է դիտարկել, այլ ուկրաինական ժողովրդի, որը պետք է կարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով' հենց այս տրամաբանությունն է եղել նաեւ նախագահներ Օբամայի եւ Պուտինի հեռախոսազրույցի հիմքում, որտեղ ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է արել հետեւել Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակին եւ փորձել առանց ռազմական միջամտության լուծում գտնել Ղրիմի հետ կապված հարցում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հստակ է. հարցը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսության եւ խաղաղ բանակցություններով ուղիով:

 

Անդրադառնալով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, Հեֆերնը հույս հայտնեց, որ երկու գերտերությունները կկարողանան համագործակցել Սիրիայի եւ Իրանի շուրջ եւ միասին գտնել Ուկրաինայում խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղին:

 

Արդեն երեք ամիս է, ինչ Ուկրաինան հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Կիեւում մեկնարկած բողոքի ցույցերը տարածվեցին ողջ երկրով մեկ եւ այժմ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է: Ստեղծված քաոսի պայմաններում զոհերի թիվն օրեցօր շատանում է: Քաոսային վիճակ է նաեւ Ղրիմում, որտեղ միմյանց են բախվել ռուսամետ եւ եվրոպամետ տեսակետերի ներկայացուցիչները: