Մոտ ապագայում Ուկրաինան կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Դա ոչ միայն Ուկրաինայի իշխանության, այլև ժողովրդի ցանկությունն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշեց, որ Եվրամիության հետ բանակցություններն ընթացքի մեջ են, և կողմերը մոտ ապագայում կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: «Այդ համաձայնագիրը շատ կարևոր է Ուկրաինայի համար, քանի որ երկիրը տարիներ շարունակ աշխատում էր դրա շուրջ, և, եթե անկեղծ լինենք, երկրում իրավիճակը սրվեց հենց այն պատճառով, որ Վիլնյուսում Ուկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը»,- ասաց դեսպանը' հավելելով, որ ԵՄ-ին անդամակցումը Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեծ օրակարգում է:
Եվրամիության «Արևելյան գործընկերության» շրջանակներում նոյեմբերի 30-ին Վիլնյուսում հետխորհրդային 3 պետություններ' Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Սակայն մինչ գագաթաժողովը դեպքերն այլ ուղղությամբ զարգացան և Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նոյեմբերի 30-ից հետո իրավիճակը Ուկրաինայում կտրուկ փոխվեց, եվրաինտեգրման կողմնակիցները դուրս եկան փողոց, ինչը ամիսներ անց հանգեցրեց երկրում իշխանափոխության: Ուկրաինայում իշխանության եկած նոր ուժերը Ուկրաինայի զարգացումը տեսնում են միայն Եվրաինտեգրման ուղղությամբ' Եվրամիության կազմում: