Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից եւ ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, եւ Հայաստանի նախագահը ողջունում է այդ երկրի կառավարության որոշումը բողոքարկելու «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը: Նախագահ Սերժ Սարգսյանը, Առողջապահութ յան նախարարությունում խորհրդակցությունից հետո պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին եւ նշել, որ շատ լավ է գնահատում Շվեյցարիայի այդ որոշումը:

 

«Ոգևորիչ է: Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք»,-ասել է երկրի ղեկավարը:

 

Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի որոշումն ակնկալվող, սպասվող է համարում: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: «Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը»,-ընդգծել է ՀՀ Նախագահը:

 

Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության: «Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել:

 

Բայց ցանկացած գործունեություն եռանդի, պայքարի կարիք ունի, և վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածովդատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելուհամար ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-իդատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքներիեվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարականդատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ կուղղի մինչև մարտի 17-ը: Մինչ Շվեյցարիայի կողմից բողոքարկման որոշման կայացումը եվրոպական երկրների հայկական համայնքները հանդիպել են իրենց երկրներում Շվեյցարիայի դեսպաններին ու պահանջել հայց ներկայացնել ՄԻԵԴ: Հանդիպում եղել էր նաեւ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի եւ այդ երկր ում Շվեյցարիայի դեսպանի միջեւ: