Վրաստանի նախագահը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակը Կիև կուղևորվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Այդ մասին «Տաբուլա» հեռուստաընկերության եթերով հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին՝ մեկնաբանելով Ուկրաինայի իրադրությունը:

 

«Կիև են ժամանում և պետք է ժամանեն այն մարդիկ, ովքեր կարող են ազդել գործընթացների վրա: Եվ բոլորը պետք անեն այնպես, որպեսզի այդ գործընթացները ծավալվեն ճիշտ ուղղությամբ»,-ասել է նա:

 

Ուսուպաշվիլիի խոսքով՝ Վրաստանը հնարավորինս օգնում է Ուկրաինային: Մասնավորապես, պարզաբանել է խոսնակը, Վրաստանի կառավարությունն օգնում է իր վերաբերմունքով և իր արձագանքով, այդ թվում՝ բոլոր միջազգային կազմակերպություններում, որտեղ ներկայացված է երկիրը, ինչպես նաև գործնականում բոլոր առաջատար պետությունների հետ երկկողմ բանակցություններում, և, որ ամենագլխավորն է՝ Ուկրաինայի ներկայիս կառավարության հետ հարաբերություններում, որի հետ պահպանվում է մշտական շփումը:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի համալսարանի ուսանողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը մտադիր չէ կտրուկ հայտարարություններ անել Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: «Ես և իմ կառավարության անդամները մտադիր չենք կտրուկ և արմատական հայտարարություններ անել Ուկրաինայի վերաբերյալ, քանի որ մեր կառավարությունը պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում»,-ասել է Ղարիբա:

 

Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Վրաստանը դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության ցանկացած փորձ: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինան եղել և կլինի Վրաստանի ռազմավարական գործընկերը:

 

Մինչդեռ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին զգոնության կոչ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ: «Այն փաստը, որ Ռուսաստանի կողմից 2008 թվականին Վրաստանում կիրառված սցենարը, երբ ՌԴ-ն ռազմական ուժի օգնությամբ զավթեց ինքնիշխան պետության տարածքները, այժմ, 2014 թվականին, կրկին կիրառում է այլ երկրի դեմ, ապացուցում է, որ վերջին վեց տարվա ընթացքում մենք և մեր գործընկերները չկարողացանք դիմակայել Ռուսաստանին: Այսօր մենք ափսոսանքով կարող ենք ասել, որ մենք և միջազգային հանրակցություն ը չկարողացանք օգտագործել այդ վեց տարիները, որպեսզի Ռուսաստանին ստիպենք հասկանալ, որ նմանօրինակ գործողությունները ճիշտ չեն և անարդյունավետ են»,-ասել է Մարգվելաշվիլին AFP-ին տված հարցազրույցում: