Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և ԱՄՆ Հայոց թեմի արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը մարտի 28-ին հանդիպել են Միացյալ Նահանգների պետդեպատրամենտի պաշտոնյաների հետ' քննարկելու Քեսաբի հայ համայնքի վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարից: Հանդիպմանը հայկական կողմը ամերիկացի պաշտոնյաներին է զեկուցել Սիրիայի հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքի վրա կատարված հարձակումների մասին' նշելով, որ աշխարհի հայությունը հատկապես վշտացած և վրդովված է այն տեղեկություններով որ ծայրահեղականները սահմանը հատել են Թուրքիայի տարածքից' գրավելով Մերձավոր Արևելքի վերջին պատմական հայկական քաղաքը:

 

Ավելի վաղ, համաժողովը նամակ էր հղել նախագահ Օբամային' քեսաբահայերին պաշտպանելու և աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչով: «Կոչ ենք անում նախագահ Օբամային ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ոչ միայն պաշտպանելու Քեսաբի հայկական քրիստոնյա համայնքին, այլև ՄԱԿ-ի հետ համատեղ մեծացնել ջանքերը բոլոր փոքրամասնությունների համար ավելի մեծ պաշտպանվածություն երաշխավորելու ուղղությամբ: Ավելին, կոչ ենք անում նախագահ Օբամային հրապարակայնորեն հայտարարել, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի իր դաշնակցի' ծայարահեղականներին օժանդակող քաղաք ականությունը» ,- ասվում էր նամակում:

 

Նշվում է նաև, որ Ամերիկայի հայկական համագումարին ոգևորել է Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորների այցը Քեսաբից տեղահանված հայերին, ովքեր ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում: