Վազաշեն-Պառավաքար երեք կիլոմետրանոց ճանապարհի շինարարական աշխատանքների գերակշռող հատվածն արդեն ավարտվել է, և ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսի 30-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: «Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը կլինի առավել անվտանգ և քաղաքացիները կկարողանան երթևեկել առանց խնդիրների: Հակառակորդի կրակոցներից խուսափելու համար կառուցվել են պաշտպանական պատնեշներ, որոնք պետք է ապահովեն քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց Բախտամյանը:
Ապրիլի 5-ին Տավուշի մարզ այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ այցելեց վերոնշյալ ճանապարհահատված և ծանոթացավ ընթացող շինաշխատանքների արդյունքներին: Այնուհետև ՀՀ Նախագահն այցելեց Պառավաքար համայնքի մշակույթի տուն, որտեղ տեղի ունեցավ Մշակույթի տան վերաբացման արարողությունը:
Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի շինաշխատանքների պայմանագրային արժեքը 519.8 մլն դրամ է: Դրանց զուգահեռ իրականացվում են արհեստական ու ինժեներական կառուցվածքների տեղադրման աշխատանքներ. արդեն տեղադրվել է 14 ջրահեռացման խողովակ:
Պառավաքար համայնքի մշակույթի տունը կառուցվել է 1987 թվականին: 2012 թվականին պետական բյուջեից հատկացվել է 20 մլն դրամ մշակութային օջախի վերանորոգման համար: