Գրողների միության միակ անքննադատելի տեղը միության ստեղծագործական տունն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը՝ մասամբ համաձայն լինելով տարածված տեսակետին, թե Գրողների միության անդամ են դառնում, որպեսզի օգտվեն հանգստյան տնից։
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ 2007թ-ից լինելով միության անդամ, երբեք չի օգտվել իրեն հասանելիք հանգստից, որովետև ժամանակ չի ունեցել։
«Երբեք չեմ օգտվել, բացառությամբ՝ եթե եղել են համաժողովներ երիտասարդ գրողների հետ, բայց, իհա´րկե, շատերը կան, որ օգտվում են. դա Գրողների միության միակ անքննադատելի տեղն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «սոցիալապես վատ երկրում խեղճ գրողները գոնե այդ հանգստից են կարողանում օգտվել»։
«Մարդիկ էլ կան, որ իրեք չեն գնում, սպասում են՝ աղջիկը կամ տղան պսակվի, մեղրամիսը այնտեղ անցկացնեն»,-ասաց նա։
Իսկ ընդհանուր առմամբ՝ նա նշեց, որ իսկապես շատ են այն գրողները, որ գնում են Ծաղկաձոր՝ ստեղծագործելու։
«Ես շատ-շատ եմ ականատես եղել, որ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրենը՝ Մոսվսես Մանուկյանը լրացուցիչ օրեր է հատկացրել իսկապես գործ անողներին։ Մարդ գիտեմ, օրինակ՝ երջանկահիշատակ Ռաֆիկ Նահապետյանը, երկու ամիս ապրեց Ծակաձորում, որովհետև վիպակ էր գրում, և ոչ ոք իրեն չասաց՝ գնա կամ շատ ես մնում։ Այդ առումով իսկապես Ծաղկաձորն ամենալուսավոր կետն է»,-նշեց նա։
Գրականագետը նկատեց, որ շատ գրողներ, խոսելով Գրողների միության դեմ, ասում են՝ պետք չի այդ կառույցը, բայց տոմսը հետ չեն տալիս, որովհետև Ծաղկաձորի հանգստյան տնից են օգտվում։
Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Ես երբեք հանգստանալու չեմ գնացել այնտեղ, միշտ գրելու եմ գնացել։ Ստեղծագործական պրոցեսը միայն նստել-գրելը չէ, ես կարող եմ պառկել, երկար ժամանակ մտածել և գալ Երևան ու նոր գրել։ Այնտեղ մարդկանց ես տեսնում, մարդկանց հետ ես զրուցում»։