ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար։ Նա ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նախկին վարչապետի հրաժարականի անակնկալը միայն կայանում էր օրվա մեջ: «Այս ամենը բավական տրամաբանական էր: Նոր վարչապետն, իմ կարծիքով, կլինի իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը»,-ասաց նա:

 

Անդրադառնալով լրատվության տարբեր միջոցներով վարչապետի հնարավոր թեկնածուների անունների մասին հնչող կարծիքներին' Իսկանդարյանն ասաց, որ մարդիկ անուններ հնչեցնում են կամ չիմացությունից ելնելով, կամ էլ հասարակության արձագանքը ստուգելու նպատակով: «Նոր վարչապետը հնարավոր է, որ լինի հնչեցվող անուններից մեկը, բայց դա, կարծում եմ, ուղղակի համընկնում կլինի»,-ասաց նա;

 

Քաղաքագետը նշեց այն հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծի հաջորդ կառավարությունը: «Մեր երկրի համար կարեւոր են երկար եւ էժան փողերի խնդիրը, ներդրումային «սովը», Մաքսային միության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ մեզ համար կարեւոր է օլիգարխիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարը»,-հավելեց քաղաքագետը:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեռևս փետրվարին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է խնդրանքով՝ ընդունել իր հրաժարականը, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել դիմումի ներկայացման պահը հետաձգել' մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: ՀՀ նախագահն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել' կառավարության հրաժարականն ընդունելու մասին: