Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակով սահմանված են որոշակի փոփոխություններ ընտրական համակարգում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: «Փոփոխություններ են նախատեսված ակտիվ և պասիվ ընտրական իրավունքների մասերով: Առաջարկվել է նաև փոփոխություն մտցնել Ազգային ժողովի ընտրական համակարգը Սահմանադրությամբ ամրագրելու և դրան ներկայացվող պահանջները սահմանելու հարցում»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով' ակտիվ ընտրական իրավունքի մեջ առաջարկվել է ազատազրկման դատապարտված կամ պատիժը կրող քաղաքացիների ընտրելու իրավունքի բացարձակ սահմանափակումը հանել ՀՀ Սահմանադրությունից: «Այս հայեցակարգի նախագծում առաջարկվել է տարբերակված մոտեցում ցուցաբերել ընտրելու իրավունքի վերաբերյալ' արդեն քրեական օրենսգրքում պատժի տեսակից ելնելով սահմանել կամ թողնել դատարանի հայեցողությանը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
«Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԱԺ ընտրությունների կարգը ևս անհրաժեշտ է սահմանադրությամբ սահմանել, թեկուզ այն առումով, որ նախընտրական փուլում դա ԱԺ-ում չդառնա քննարկման առարկա ու պարբերաբար փոփոխությունների չենթարկվի, ինչը, ցավոք սրտի, չի նպաստում քաղաքական և կուսակցական համակարգի կայունացմանը: Մենք այս փուլում որևէ ընտրական համակարգին նախապատվություն տալուց ձեռնպահ ենք մնացել, բայց այդ հայեցակարգում առաջարկվում է հիմնական սկզբունքները, որը պետք է տեղ գտնեն Սահմանադրության մեջ»,-տեղեկացրեց Հրայր Թովմասյանը: