Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հարգանքի տուրք կմատուցի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նվագախումբը Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, ապրիլի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի Մոցարտ ի «Ռեքվիեմը»: Երեկոյի ընթացքում տեղի կունենա Աննա Սեգալի' «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար ստեղծված գործի համաշխարհային պրեմիերան:

 

Կասմունքի Արամ Հովհաննիսյանը: Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար' Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար'Ռոբերտ Մլքեյան) երգչախմբերը: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս-երգիչ Սարգիս Բաժբե ուկ-Մելիքյանը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի քեսաբահայության օգնությանը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում' Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որ պես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: