Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը' ներկայացնելով հարցը, նշեց. «Ձեր տված հանձնարարականի հիման վրա մշակվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի և 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև Սահմանադրական դատարանի' ապրիլի երկուսի ՍԴՕ 11-42 որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը, կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որը վերաբերում է կուտակային վճարները չկատարելու դեպքում հաշվարկվող և գանձվող տույժերին: Երկրորդ կետը, որ հունվար-ապրիլ ամիսների համար կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից ազատվում են գործատուն կամ քաղաքային գործակալը»:
Նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը առաջիկա քառօրյային: