ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անհրաժեշտություն է համարում սահմանադրական բարեփոխումները, որոնք կարող են լուծում տալ ներկայումս արդյունավետ կառավարման հետ կապված մի շարք խնդիրների: «Կառավարման գործընթացում լիազորությունների, պատասխանատվության հստակ անհամամասնություն գոյություն ունի, հստակ չի մեզանում քաղաքական ընդդիմության դերակատարությունը և այս բոլոր հարցերին պատասխան է պետք տալ:

 

Այսինքն' լիազորությունների կրկնություն, լիազորություն' պատասխանատվության բացակայությամբ, լիազորություն, բայց դրա հնարավորությունների բացակայություն, դրանք խնդիրներ են առաջացնելու ցանկացած երկրում: Մի մասը փնտրում է ուղղակի կապ' այս փոփոխությունն արեցինք, վաղը մարդիկ ավելի լավ են ապրելու, այդ կապը կարող է ունենալ հիմնավորում և կարող է ենթադրվել, որ լավ ու արդյունավետ կառավարումն իր հետ բերելու է այդ խնդիրների լուծումը»,- ասաց Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով' այդ լուծումներից մեկն էլ կառավարման պառլամենտական ձևին անցումն է:

 

Հարցին, թե ինչպիսի գնահատական կարող է տալ Արդարադատության նախարարի պաշտոնակատարը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նշեց. «Քաղաքական գործընթացներում ինձ համար անհասկանալի է թաքնված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական գործընթացների մասնակցելու, դա պետք է անել բացահայտ: Վաղուց թաքնված գործելու ժամանակներն անցել են: Եթե քաղաքական գործընթացները քեզ չեն հետարքրքում, ապա դու քաղաքական մյուս հարցերին էլ պետք է անդրադարձ չկատարես: Եթե դու պատրաստ ես քաղաքականություն մտնել, բաց ասել քո ծրագրերը, այս գործելակերպին պետք է վերջակետ դնել»,-եզրափակեց Հրայր Թովմասյանը: