Հայաստանի իշխանությունները մեծ ցավ են ապրում Սիրիայում շարունակվող բախումների ու վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը բազմահազար զոհերի պատճառ դարձավ, այդ թվում` մոտ 90 սիրիահայի: Այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արաբական լրատ վամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիան ուղերձ է հղել, որում նշվում է Սիրիայի կյանքում  հայկական համայնքի կարեւոր դերի մասին:


-Վերջերս արաբական մի շարք լրատվամիջոցներում հնչում է, որ սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավարությունն անդրադարձել է քեսաբահայերին և Քեսաբում տիրող իրավիճակին: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք նրանց ուղերձն ուղղված նաև Հայաստանի իշխանություններին:

 

-Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը տագնապով հետևում է Սիրիայում երեք տարուց ավելի տեղի ունեցող ողբերգական զարգացումներին և խորապես մտահոգված է բարեկամ սիրիական ժողովրդի ճակատագրով, որի անբաժանելի մասն է կազմում նաև սիրիահայ համայնքը: Մեծ ցավ ենք ապրում երկրում շարունակվող բախումների ու վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը բազմահազար զոհերի պատճառ դարձավ, այդ թվում` մոտ 90 սիրիահայի:

 

Պատերազմական գործողությունների արդյունքում մեծապես տուժել է նաև Սիրիայի հայ համայնքը, վնասվել են տներ, եկեղեցիներ, դպրոցներ, մեծաթիվ հայեր լքել են իրենց բնակավայրերը, լիովին հայաթափվել են Ջեզիրեի և Լաթաքիայի շրջանների մի շարք բնակավայրեր: Վերջերս նույն բախտին արժանացավ նաև հայաբնակ Քեսաբ քաղաքը: Թեև, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն Քեսաբն ամբողջությամբ դատարկվել է. հարյուրավոր սիրիահայ ընտանիքներ լքել են իրենց տներն ու ունեցվածքը, ապաստան գտել այդ շրջանի առավել անվտանգ վարերում: Փաստերը վկայում են, որ Թուրքիան իր տարածքն է տրա մադրել զինյալներին Քեսաբ մուտք գործելու համար:

 

Սիրիայի շատ քաղաքացիներ, այդ թվում` ազգային ու կրոնական փոքրամասնությունները, հումանիտար օգնության կարիք ունեն: Այս իրավիճակում մենք գնահատում ենք սիրիական հակամարտության որևէ կողմի անկեղծ մտահոգությունը և դրական դիրքորոշումը սիրիահայերի կացության և նրանց անվտանգության հարցում:

 

Եվ, վերջապես, սիրիահայությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող ողջ հայությունը երախտիքի մեծ զգացումով են հիշում արաբական աշխարհի, այդ թվում` սիրիական ժողովրդի տարբեր հատվածների, Շամմար և այլ արաբական ցեղային միությունների օգնությունն ու աջակցությունը 1915 թվականին Օսմյանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած մեր հայրենակիցներին: Նաև այդ պատճառով է, որ մենք այսօր սիրիական հակամարտության հետևանքով յուրաքանչյուր քաղաքացու կորուստն ընկալում ենք առանձնակի ցավով:

 

Մենք հույս ունենք, որ որքան էլ խորը լինեն բաժանումները սիրիական հասարակության ներսում, այնուամենայնիվ, կողմերին կհաջողվի առկա հակասությունները հաղթահարել բացառապես խաղաղ միջոցներով: Խաղաղության հասնելու ջանքերին զուգահեռ պետք է իրականացվեն համապարփակ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքը ու իղձերը և արդյունքում կվերականգնեն տևական խաղաղությունն ու անդորրը բարեկամ Սիրիայի հողում: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես` Սիրիայի հետ հարևան պետություն ների դերը պետք է կայանար հենց այդ երկխոսության աջակցության մեջ` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: