Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Nouvelles d'Armenie-ի հաղորդմամբ՝ այդ մասին Օլանդը նշել է Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ:

 

Ֆրանսիայի նախագահը, ով պատրաստվում է այս տարվա մայիսի 12-ին ժամանել Երևան, պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը հասնելու համար: «Այս ողբերգությունն ունի անուն, միայն մեկ անուն. սա Ցեղասպանություն է: Այլ անուն չկա»,-Փարիզում Երևանի այգում հայտարարել է Օլանդը, ինչն ուղեկցվել է ծափահարություններով:

 

Օլանդն ընդգծել է, որ պետք է ներկա գտնվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին և նպաստի ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Մաղթում եմ, որ բոլորի միտքը զարգանա»,- ասել է Օլանդը՝ անհրաժեշտ համարելով, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Միաժամանակ Օլանդն առաջընթաց է համարել Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, սակայն դա անբավարար է գնահատել:

 

Ժողովրդական շարժման միությունը ներկայացնող Օ դը Սենից ընտրված պատգամավոր Պատրիկ Դևեջյանը նշել է, որ մայիսին Երևանում Օլանդը հանդես կգա հստակ ուղերձով: «Այն մոտ կլինի Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի ուղերձներին, ովքեր կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Դևեջյանը:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ կա, որի ընդունման շուրջ այդ երկրում քաղաքական շրջանակների մոտեցումները տարբեր են: