ՀՀԿ-ն այսուհետև պետք է առավել կազմակերպված աշխատանք տանի՝ կապված այն հանգամանքի հետ, որ Օրինաց Երկիր կուսակցությունը լքում է կոալիցիան: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Մենք այս պահին խորհրդարանում ունենք 70 ձայն, իսկ քվորում ապահովելու և մեծամասնության կազմելու համար 66 ձայնն էլ բավական է, սակայն մեզնից պահանջվելու է առավել կազմակերպված աշխատանք»,.- ասաց Մինասյանը:

 

Նա նշեց, որ կազմակերպված աշխատանքը բոլորովին էլ նորություն չէ ՀՀԿ-ի համար: «Մենք առավել փոքր ուժերով կարողացել ենք Ազգային ժողովում իրականացնել խնդիրներ, որոնք ավելի մեծ կազմով այլ քաղաքական ուժերի համար լուծելի չեն եղել»,- ասաց նա՝ համոզվածություն հայտնելով, որ կառավարության գործունեության ծրագիրը, որն առաջիկայում կբերվի Ազգային ժողով, կհաստատվի, ինչպես նաև կհաստատվի նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

 

Վերը նշված երկու կարևորագույն փաստաթղթերի հետ խորհրդարանը պետք է քննարկի այլ կարևոր հարցեր ևս, որոնք են Վերահսկիչ պալատի գործունեության հաշվետվությունը, ԿԲ-ի կողմից ներկայացված դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը: «Ունենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ թե կառավարության, թե Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված, որոնք իրենց ծավալով ենթադրում են, որ մենք ոչ մեկ արտահերթ նիստ կգումարենք գարնանային նստաշրջանի ընթացքում»,- ասաց Միինասյանը: