Գերմանիայում առաջին անգամ Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում ապրիլի 24-ին զետեղվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհեցվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իր ուղերձում Ենայի քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու նշան է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի այն փաստի վրա, որ ցեղասպանության ճանաչումը մինչ օրս մերժվում է Թուրքիայի կողմից:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

Գերմանիայի Բունդեսթագը թեեւ հատուկ բանաձեւով դատապարտել է հայկական ջարդերը, բայց դրանց այդպես էլ Հայոց ցեղասպանություն անունը չի տվել' միայն նշելով, որ բազմաթիվ երկրներ եւ կազմակերպություններ հայկական ջարդերն անվանել են ցեղասպանություն: