Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ մենք հարգանքով խոնարհվում ենք սպանված եւ կոտորված հայերի հիշատակի առաջ եւ դատապարտում ցեղասպաններին: Հայոց ցեղասպանության խնդիրը դուրս է եկել ժխտման քաղաքականությունից եւ գտնվում է ճանաչելու եւ բոլոր պատասխանատվությունները կյանքի կոչելու փուլում: Այստեղ ոչ մի միջին ճանապարհ չի կարող լինել… Հայերին ցավակցական ուղերձ հղելով եւ շարունակելով ժխտել Ցեղասպանությունը, ջնջելով, աղավաղել ով ցեղասպանության իրողությունը' վարչապետ Էրդողանը հետամուտ է մեքենայությունների: Նույն մեքենայությունները նա գործի դրեց նաեւ Դերսիմի կոտորածի առնչությամբ:
Նման կերպ է արձագանքել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա' ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' հայերին ուղղված ցավակցական ուղերձին թուրքական «Հալքըն Գյունլույու» («Ժողովրդի օրակարգը») թերթը:
Թերթը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը 1915 թվականով սահմանափակվող կոտորած չէ: Դրա ժխտումով զբաղված Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիայի Հանրապետությունը այսօր եւս իր ռասիստական եւ ֆաշիստական կեցվածքով շարունակում է թշնամանքը հայերի եւ ոչ մահմեդականների նկատմամբ: Այսօր Թուրքիայում շարունակում են բանակում սպանել ազգությամբ հայ զինծառայողներին, իսկ փողոցներում գնդակահարում մտավորականներին: Եվ ամենակարեւորը, որ դրանք բոլորը աջակցություն են ստանում, պաշտպանվում են պետության կողմից:
«Կասկած չկա, որ իրենց աշխատասիրությամբ լավ ապրող հայերի ունեցվածքի թալանով սկսված այդ ցեղասպանության իրողության հետեւում միայն գաղափարական պատճառներ չէին: Դա ապացուցում է նաեւ այսօր քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Իր ցավակցական ուղերձով Էրդողանը փորձում է հայերի ցավը քաղաքական հաշվարկների լծակ դարձնել, ինչպես դա արեց քրդական խնդրում' իր «լուծում, միտում, հաշտություն» դատարկախոսություններով: Հայ ազգի դեմ իրագործված ցեղասպանության ժխտումով ցավակցական ուղերձի հրապարակումը եւս քաղաքական հաշվարկից եւ մեքենայությունից զատ այլ բան չէ: Քանի որ առանց ճանաչելու ցեղասպանությունը եւ ընդունելու դրա պատասխանատվությունը, հրապարակված ցավակցական ուղերձը չի կարող հեռու լինել խնդիրն աղավաղող քաղաքական մանեվրից», -գրում է թերթը: