Պետք է պայքարել քայքայիչ աղանդների և արատավոր բարքերի դեմ' հաշվի առնելով երկրի օրենսդրությունն ու միջազգային կազմակերպությունների հանդեպ պետության պարտավորությունները: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ:
Նրա գնահատմամբ' այսօր բանակում գողական բարքերի և քայքայիչ պաշտամունքների խնդիրը հասնում է լուրջ չափերի. հարցը նուրբ և կարևոր է, լուծումն օրակարգային, որը կնպաստի բանակի գործունեության ու մարտունակության ապահովմանը:
Նախարարի կարծիքով'պետք է ապրել ոչ թե տարբեր պաշտամունքերի թելադրանքով, այլ պահպանել ու զարգացնել հայ մշակույթն ու ազգային նկարագիրը:
«Աղանդները բացասաբար կարող են ազդել զինուժի վրա։ Չեմ ուզում մտածել այդ մասին, բայց սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մարտական դիրքում, եթե այնտեղ կանգնած զինվորի հավատամքն այլ լինի: Չեմ ուզում պատկերացնել, թե ինքնասպան եղած աղջկա ինքնասպանության լուրը ինչ կարող է առաջացնել այն զիվորի հոգում, ում նա սպասում էր»,-ասաց Օհանյանը' հավելելով, որ Հայաստանում այսօր գործում են շուրջ յոթ տասնյակ գրանցված կրոնական կազմակերպություններ: Չգրանցված կառույցների թիվը կրկնապատիկ է:
«ՊՆ-ն պարտավոր է հստակ պատկերացնել քայքայիչ պաշտամունքների և ենթամշակույթների տարածման վտանգը: Մեզանում շատերը կարծում են, որ քայքայիչ պաշտամունքը բանակում սահմանափակվում է միայն զենք չվերցնելով: Բայց սա սառցալեռան երևացող մասն է միայն: Որոշ դեպքերում զենք վստահում են ինքնասպանության հակում ունեցող էմոյի, գուցե ինքնաձիգը հայտնվի սատանայապաշտների ձեռքում: Պետք է ոչ թե տարբեր պաշտամունքների կամ բարքերի թելադրանքով շարժվենք, այլ հավատամք դարձնենք հայրենիքը, եկեղեցին, զարգացնենք մշակույթը, մայրենի լեզուն և ազգային նկարագիրը»,- ասաց նախարարը' հավելելով, որ հանդիպումը ՊՆ հայրենասիրական դաստիարակության պետական ծրագիր հերթական խոշոր նախագծերից մեկն է:
Զորամասերում քայքայիչ պաշտամունքների և արատավոր բարքերի դեմ պայքարի առնչությամբ նա նշեց, որ աշխատանքները պետք է ուղղորդել գիտականորեն հիմնավորված, համակարգված խմբի միջոցով, գիտնականների ու հոգևորակնների օժանդակությամբ պետք է պարզ դառնա իրական պատկերը:
Գիտաժողովին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ, գիտակրթական ոլորտի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: