Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խոստովանել է, որ իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկի մարզում: Այդ մասին նա հայտարարել է մարզային պետական վարչակազմերի ներկայացուցիչների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Գրավված են վարչական շենքերը Դոնեցկի մարզի շատ քաղաքներում և հենց Դոնեցկ քաղաքում: Այսօր այդ վայրում իշխանությունը չի վերահսկում իրադրությունը»,-ասել է Տուրչինովը:
Նա հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բերված են լիակատար մարտական պատրաստության: Դա, ինչպես պնդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը, կապված է Ռուսաստանի կողմից սպառնալիքի հետ:
«Իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկում և մարզի տարածքում: Ցանկանում եմ ազնվորեն ասել, որ ուժային կառույցներն ի վիճակի չեն հսկողության տակ վերցնել իրադրությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում»,-հայտարարել է Տուրչինովը: Ըստ նրա վարկածի' իրադրության ապակայունացման փորձեր են նկատվում նաև Խարկովի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաեւսկի, Զապորոժսկի մարզերում: