Փենսիլվանիա նահանգի «Վիլանովա» համալսարանի ուսանողուհի Սամանտա Տեստան բուհի ակադեմիական պարբերականում հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ այն վերնագրելով «Ցեսապանության բնությունը»։ Հոդվածում ուսանողուհին հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանալու է Հայոց ցեղասպանության 100 տարին և նշել, որ կոտ որածների հետևանքով սպանվել է շուրջ 1,5 մլն հայ։

 

«Այդ ողջ ընթացքում Թուրքիան փորձել է ժխտել ցեղասպանության իրողությունը։ Այդ ժխտողականությունը մշտապես լարում է առաջացրել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև Թուրքիայի և այլ պետությունների միջև։ Հայերը չեն կարող առաջ շարժվել իրենց անցյալից, քանի դեռ զգում են, որ այդ իրողությունը չի ճանաչվել և դատապարտվել։ Սակայն Թուրքիան անում է ամեն ինչ՝ թաքցնելու այն փաստերը, որոնք վկայում են ծրագրված սպանությունների մասին»,- գրում է ուսանողուհին։

 

Հոդվածում նա հիշեցնում է թուրք մտավորական Օրհան Փամուկի մասին, ով Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մեղադրվեց 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կոչելու համար։ «Ցեղասպանության ժխտումը, սակայն, Թուրքիայի համար կարժենա ավելին, քան Եվրամիությունից զրկվելը: Այն ատելության մթնոլորտ է ստեղծում թուրքերի և հայերի միջև»,- գրում է նա և հիշեցնում Հրանտ Դինքի սպանության մասին։

 

Սամանտա Տեստան նշում է, որ հայերի ցեղասպանության փաստը Թուրքիայի համար ոչ միայն ներքին, այլև արտաքին լուրջ խնդիր է։ «Ցեղասպանության ժխտումը նաև վտանգավոր է, քանի Թուրքիան դրանով ստեծում է մի իրավիճակ, որտեղ հնարավոր է դառնում ցեղասպանության հետագա կրկնությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ցեղասպանությունը ժխտողները երեք անգամ ավելի են հակված կրկնելու այն։ Ո՞վ կարող է հավաստիացնել, որ նրանք կրկին չեն հետապնդի հայերին և քրդերին, ինչպես արել են նախկինում»,- գրում է ուսանողուհին։