Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին նշանակելու հարց դեռևս չի քննարկվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ խոսակցություններին: «Կարծում ե մ առաջիկա չորեքշաբթի խմբակցության նիստ կլինի, որի ժամանակ էլ այդ հարցը կարող է քննարկվել»,- ասաց նա:

 

Հարցին, թե կհամաձայնի՞ գլխավորել ՀՀԿ խմբակցությունը, եթե նման առաջարկ լինի, Վահրամ Բաղդասարյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել: «Խմբակցության նիստում կքննարկվի, ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ղեկավարում է Գալուստ Սահակյանը, ով ընտրվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Ավելի վաղ, Գալուստ Սահակյանը նշել էր, որ դժվար է լինելու համատեղել ԱԺ նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնները, թեև ինքը շարունակելու է մեծ ուշադրությամբ հետևել խմբակցության աշխատանքներին: