Շնորհավորանք Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ

 

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և մնացյալ մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ' նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է' շարքայինի և սպայի, նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո'ր, հայ ժողովուրդ:

 

Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին և մեր նահատակ ընկերներին, թե իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: Ամենասկզբում հենց օրվա խորհրդի մասով: Մեր ձեռքբերումներից է այն, որ 2000 թվականից սկսած Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Իսկ այս տարվանից արդեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաև' հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում նշվում է Երկրապահ կամավորականի օրը' հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն և ստացել մայր եկեղեցու օրհնությունը:

 

Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման' նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում: Պարտավոր եմ արձանագրել, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ով մեր մարտական ընկերն է, ամենաիսկական երկրապահ է' քաջածանոթ երկրապահի դարդ ու ցավին, երկրապահների բոլոր խնդիրներին և միշտ էլ պատրաստակամ է օգտակար լինել Երկրապահին:

 

Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինելուց: Մենք մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ակումբները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաև' Արցախում կան պատանի երկրապահական կառույցները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 4 000-ից: Այս առումով ևս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով ևս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կառավարության, պաշտպանության և կրթության նախարարությունների հետ: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են լինելու' առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դնելու պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով' սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի և երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են:

 

Մեր նահատակ ընկերներին, մեր մարտական ընկերներին, հերոսներ ծնած հերոս մայրերին, պատանի և երիտասարդ երկրապահներին, հայ ժողովրդին զեկուցեմ, որ երկրապահական ամենամյա ուխտագնացությունը մեկնարկել է մարտի 5-ին' Սպարապետի ծննդյան օրը: Այն շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 24-ին մասնակցել ենք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին, սակայն, հատուկ ընդգծեմ, որ ապրիլի 24-ը Երկրապահի համար ոչ թե լացուկոծի օր է, այլ' վրիժառության, պայքարի, հայոց արդար պահանջատիրությունը վառ պահելու: 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, և մեր վարչության հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ' Հայկ Դեմոյան, այս տարի, հաջորդ տարի լարված աշխատելու է այդ ուղղությամբ: Մայիսի 28-ին Սարդարապատում ենք լինելու, այնուհետև' Արցախում, Տավուշում, Սյունիքում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Երկրապահը շարունակում է մնալ սահմանի բնակչին ոգևորող ուժ, շարունակում ենք հավաստիացնել և երաշխիքներ տալ սահմանաբնակ մեր հայրենակիցներին, որ վտանգի պահին իրենց մենակ չենք թողնի:

 

Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է հոգատար լինել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների խնդիրներով: Այս խավին իրավական, սոցիալական, բարոյական աջակցություն ցուցաբերելը մեր սրբազան պարտքն է: Ցավոք, դեռ կան խնդիրներ: Այդ խնդիրները ժամանակի ընթացքում, մեր պետության հնարավորությունների աճին զուգահեռ, կկարգավորվեն: Խնդիրների կարգավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության, պաշտպանության, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ: Այսօր, սակայն, տոնական օր է, ուստի ավելի շատ պետք է հաղթանակներից, ձեռքբերումներից խոսենք: Իսկ հաղթանակներ մեր սերունդն, իրոք, ունեցել է: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաև' կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ ևս շնորհավոր տոնդ երկրապահ, շնորհավոր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ:

 

 ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան