Lragir.am Եվրատեսիլ երգի մրցույթում կատարումներից երեւի թե ոչ պակաս հետաքրքիր են քվեարկությունները, թե որ երկիրն ինչպես է քվեարկում, ում է բաշխում առավելագույն միավորները: Շատերի համար գուցե այդ գործընթացն ավելի հետաքրքիր է, քան բուն շոուն կատարումներով, եւ՝ ոչ առանց հիմքի:

 

Այդ տեսանկյունից, Եվրատեսիլ 2014-ում բավական հետաքրքիր էր Ռուսաստանից միավորների բաշխումը: Ռուսաստանն առավելագույն միավորներ տվեց Հայաստանին, Ադրբեջանին ու Բելառուսին: Ընդ որում, հետաքրքիր էր դասակարգումը: 8 միավոր Հայաստան, 10 միավոր Ադրբեջան եւ 12 միավոր Բելառուս:
Ասում են, որ Եվրատեսիլը քաղաքականություն է, քաղաքականությունը միջամտում է նաեւ քվեարկություններին՝ իհարկե փողով: Համենայն դեպս, օրինակ նախորդ եվրատեսիլներից մեկում եղավ Ադրբեջանի քվեարկության հետ կապված սկանդալ, որն առնչվում էր ռուսաստանցի մասնակցի քվեարկությանը: Այդ սկանդալին 2013-ի մայիսին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանն ու համատեղ ասուլիսին անդրադարձան նույնիսկ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովն ու Մամեդյարովը:

 

Այսինքն, ամենեւին չքաղաքականացնելով քվեարկությունները, արձանագրենք, որ առնվազն քվեարկությանը քաղաքականության միջամտության դեպքեր առկա են, հատկապես հետխորհրդային տարածքի երկրներում, որտեղ Եվրատեսիլը հատկապես սրտին մոտ են ընդունում:
Այդ իմաստով, 2014-ին Ռուսաստանից քվեարկությունն ու ձայների բաշխումը իսկապես հետաքրքիր է՝ հատկապես դասավորությամբ: Կարծես Ռուսաստանում քվեարկության մասնակիցները դասավորած լինեն Մոսկվայի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները: Ռուսաստանում ներկայում այնքան ներդաշնակ մթնոլորտ է իշխանության ու հասարակության միջեւ, որ հասարակությունն այսպես ասած «մեջքով է զգում» Պուտինի աշխարհաքաղաքական ծրագրերը եւ առաջնահերթությունները: Թեեւ, դա այնքան բաց է արվում այժմ, որ զգալու կարիք էլ չկա՝ ամեն ինչ տեսանելի է:

 

Ռուսաստանի համար ներկայում ամենակարեւորը Բելառուսն է, եւ այն ստացել է առավելագույն միավոր: Բելառուսն է, որովհետեւ Լուկաշենկոն է, որ անընդհատ խնդիրներ է առաջացնում իր կամակորությամբ, Եվրասիական նախագծերի մասով: Պուտինը կարծես թե համոզել է, մի քանի միլիարդ է տալիս նրան՝ այդ թվում մաքսատուրքերի մասով, բայց Բատկան անկանխատեսելի է, ընդ որում ավելի ու ավելի է այդպիսին դառնում տարիքի հետ: Հետեւաբար երբեք չգիտես, թե հաջորդ պահին նա ինչպես կփոխի իր խոսքը: Ի վերջո, մի հետաքրքիր դիտարկում՝ եթե Մոսկվայում Բելառուսին են 12 միավոր տալիս, ապա Բելառուսը 12 միավոր տալիս է Ուկրաինային:

 

Հաջորդը Պուտինի համար Ադրբեջանն է: Ադրբեջանը Կովկասում վերածվել է առանցքային պետության, այն բանից հետո, երբ Մոսկվան Սերժ Սարգսյանի ու Հայաստանի քաղաքական դասի հպատակությամբ ջնջեց Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից: Ներկայում թե Ռուսաստանը, թե ԱՄՆ ձգտում են սիրաշահել Ադրբեջանին: Մոսկվայի համար Բաքուն կարեւոր գործընկեր է Թուրքիայի հետ Կովկասը վերաբաժանելու հարցում: Ռուսաստանը Բաքվին փորձում է համոզել պատերազմ սկսելու եւ այն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ ավարտելու հարցում՝ ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով:

 

Բաքուն ստացել է 10 միավոր եւ Ռուսաստանի քվեարկության երկրորդ տեղում է:
Առավելագույն միավորների երրորդ տեղում Հայաստանն է: Չնայած Պուտինը Հայաստանը ջնջել է քաղաքական քարտեզից, սակայն այդուհանդերձ որպես տարածք այն Մոսկվայի համար առայժմ անփոխարինելի է, քանի դեռ չի իրականացել Կովկասի վերաբաժանման ծրագիրը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

 

Միեւնույն ժամանակ, չնայած Հայաստանի հանդեպ գրեթե տոտալ վերահսկողությանը, այդուհանդերձ ակնհայտորեն նկատելի են Ռուսաստանի վախերը՝ որոնք կարծես թե հենց այդ վերահսկողության հետ մեկտեղ էլ ավելանում են: Դրա վկայությունը Ռուսաստանի դեսպանի վերջին հայտարարություններն էին, որոնք մի կողմից ամբարտավան-ցինիզմի դրսեւորում կարող են դիտվել, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիական ակտիվ հանրույթի շրջանում Հայաստանի ինքնիշխանության համար աճող դիմադրության հանդեպ խուճապի:
Համ էլ քանի դեռ Հայաստանում այդ դիմադրությունը կա, քանի դեռ վերջնականապես չի ջնջվել ըստ «ՀԿ»-ների ոչնչացման պլանի, դեռ պետք է երբեմն-երբեմն կարկանդակ էլ տալ հայերին, հատկապես նրանց, ովքեր ռուսական քարոզչության առաջին ճակատում են: Առանց այդ էլ նրանց համար դժվար է լինելու խոսելը Ադրբեջանին ավելի շատ միավոր տված լինելու դեպքում, իսկ ինչ ասեին նրանք, եթե Հայաստանին նույնիսկ 8 միավորը չտային «բարեկամները»: 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ