Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարելիք պետական այցը աշխարհաքաղաքական առումով կարեւոր երեւույթ է, որը արտացուլում է ոչ միայն հայ-ֆրանսիական դարավոր հարաբերությունները, այլեւ դրանց ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱ ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ անկախ նախագահն երից կամ իշխող քաղաքական ուժերից հայ-ֆրանսիանական հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա եւ աչքի ընկել երկկողմ հարգալից եւ բարեկամական դրսւեւորումներով:

 

Ըստ Սաֆրաստյանի, Ֆրանսիան Եվրոպայում ամենահայկական եւ ամենահայամետ պետությունն է եւ դրանում իրենց հսկայական ներդրում ունեն նաեւ ֆրանսահայերը: «Հայ-ֆրանսիական հարաբերությունները ավանդաբար համարվում են պատմական, եւ Ֆրանսիայի թե՛ պետության, թե՛ քաղաքական ու հասարակական շրջանակների մոտեցումը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ միշտ եղել է դրական»,- ասում է թուր քագետը' հավելելով, որ Օլանդի այցելությունից առաջին հերթին սպասում են հայտարարություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ խոստում, որ մինչեւ ցեղասպանության հարյուրամյա տարելիցը Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ըստ Սաֆրաստյանի, դա շատ կարեւոր է նախ այն պատճառով, որ Ֆրանսիան եվրոպական ամենախոշոր եւ առանցքային պետություններից մեկն է, իսկ ցեղասպանության հարյուրամյակին նման օրինագծի ընդունումը մեկ քայլով առաջընթաց կլինի ճանաչման հարցում: Թուրքագետ Սաֆրաստյանը հիշեցնում է, որ Թուրքիա կատարած այցի ժամանակ Օլանդը Անկարայում խոսեց Հայոց ցեղասպանության մասին' կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը:

 

Թուրքագետը չի բացառում, որ Հայաստանում էլ Օլանդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կանի ու կկարեւորի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ի տարբերություն արեւմտյան այլ երկրների ղեկավարների, Հայոց ցեղասպանության հարցում Օլանդը կաշկանդված չէ. Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու նախագահն իր թիկունքում ունի խորհրդարանի ու հասարակության աջակցությունը:

 

Հայոց ցեղասպանության խնդրին զուգահեռ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ հիշեցնում է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկն է եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգային հարցերից մեկը: Օլանդի այցելությունը տարածաշրջանային է եւ չի բացառվում, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահը խոսի ոչ միայն Երեւանում, այլեւ Բաքվում: «Օլանդը հայտարարություններ կանի ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված եւ գուցե որոշակի բացատրություն ներ ներկայացնի եւ իր տեսակետը հայտնի վերջերս ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի առաջարկած խաղաղության համաձայնագրի վեց կետերի հետ կապված»,- ասաց Մինասյանը:

 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Մինասյանը չի բացառում, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Օլանդը չի շրջանցի պահն ու կրկին կոչ կանի պատասխանատվություն ստանձնել Թուրքիային հարյուրամյա ոճրագործության հարցում: Ըստ Մինասյանի, այս հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը չի կարող փոփոխություն կրել եւ պատճառներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի հասարակությունը ոչ միայն պրոհայկական է, այլ, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, ավելի զգուշավոր Թուրքիայի հարցում: «Հենց այդ երկու գործոնների համադրությունն էլ բերում է այն իրավիճակին, որ կա Ֆրանսիայի արտաքին քաղաքական կյանքում Թուրքիայի հետ կապված»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ Երեւանում հնչած ցանկացած արտահայտությունը մեծ իրարանցում կառաջացնի հարեւան երկու պետություններում էլ' Թուրքիայում էլ, Ադրբեջանում էլ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, մայիսի 12-ին, երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ֆրա նսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ը նթրիք:

 

 

Հասմիկ Հարությունյան