Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում' մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն ուղղված էր ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: Մայիսի 12-ին հրավիրված ասուլիսում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ուորլիքի հայտարարությունից հետո արձագանքը Հայաստանում ավելի մեծ էր, քան Ադրբեջանում: «Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարության գաղափարը նախորդներին չի տարբերվում, պարզապես որոշ շեշտադրումներ այլ էին»,- նշեց Մինասյանը:

 

Նրա գնահատմամբ' ՀՀ պաշտպանության նախարարությունը բավականին կտրուկ և պարզ արձագանքեց Ուորլիքի հայտարարությունը: «Արտաքին գործերի նախարար Նալբանդյանն իր հայտարարության մեջ շեշտեց, որ բանակացային գործընթացը գնում է երեք համանախագահ երկրների հսկողության ներքո»,- ասաց քաղաքագետը, ում գնահատմամբ' Ուորլիքի հայտարարության շատ դրույթներ կարող են անընդունելի և անգամ «քաղաքական ինքնասպանություն» լինել Իլհամ Ալիևի համար:

 

Մինասյանն, անդրադառնալով Ուորլիքի հայտարարության վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի մեկնաբանությանը, նշեց, որ դեսպանը հատուկ շեշտել է' իրականում հակամարտության գոտում առկա է կարգավորման երեք տարբերակ:

 

«Հեֆֆերնը նշեց «ստատուս քվոն», կոմպրոմիսային խաղաղության ձեռքբերումը կամ պատերազմը, որը նույնիսկ ադրբեջանական կողմը չի ցանկանում: Չունենք տեսանելի հույսեր, որ հայկական և ադրբեջանական կողմերը կարող են հասնել փոխզիջումային խաղաղության»,- պարզաբանեց փորձագետը' հավելելով, որ վերջին տասը տարվա ընթացքում կողմերը ոչ թե փոխզիջումների են գնացել, այլ հակառակը:

 

Բանախոսը նշեց, որ ԱՄՆ համանախագահի հայտարարությունը բոլորին հասկանալի է, և դա անելու պատճառներից մեկը կապված է նաև հրադադարի ռեժիմի 20-ամյակի հետ, ինչպես նաև Ռուսատանի և Արևմուտքի հակամարտության սրման, այդ թվում նաև մեր տարածաշրջանում: «Բանակցային գործընթացն անհրաժեշտ է, բացի ամեն ինչից, այն հրադադարի պահպանման լավագույն երաշխիքներից է»,- ընդգծեց Մինասյանը:

 

Նա նաև շեշտեց, որ եթե Ջեյմս Ուորլիքի ներկայացրած խաղաղության 6 կետերը իրագործվեն, ապա դա հնարավոր է միայն մեկ ընդհանուր փաթեթով, ինչի հետ համակարծիք է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը: «Եթե բոլոր կետերը համաձայնեցված չեն, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ»,- հավելեց քաղաքագետը:

 

Պատասխանելով լրագրողների հարցին, նա նշեց, որ Ղրիմի և Լեռնային Ղաղաբաղի միջև զուգահեռներ տարվել են և կտարվեն, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս: «Լինելով Ռուսաստանի դաշնակից, և իր դիրքորոշումը Ղրիմի առումով ներկայացրած երկիր, Հայատանը պետք է արտաքին հարաբերություններում իր բալանսը պահպանի նաև ԱՄՆ-ի հետ: Պետք է բալանսավորված դիրք պահել' չկորցնելով ԱՄՆ-ի աջակցությունը»,- կարծիք հայտնեց փորձագետը:

 

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Հայաստան կատարելիք պետական այցին նա նշեց, որ ակնկալիքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ անաձնապես մեծ չեն կարող լինել:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին արված հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կայանա Խաղաղության համաձայնագրի հիման վրա' կողմերի համաձայնությամբ, և ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով: