Եվրահանձնաժողովը պատրաստել է գաղտնի զեկույց, որի համաձայն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը չափազանց բացասաբար կազդի Գերմանիայի և Եվրոպայի մյուս երկրների տնտեսության վրա: Այս մասին գրել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները:

 

«Տեղական հրատարակություններից մեկն ստացել է Եվրահանձնաժողովի պատրաստած գաղտնի զեկույցին ծանոթանալու հնարավորություն: Դրանում ասված է, որ պատժամիջոցները կարող են Գերմանիայի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցնել գրեթե 1 տոկոսով: Դա Բեռլինին կմոտեցնի տնտեսական անկման, ինչը կործանարար ազդեցություն կունենա ամբողջ եվրոգոտու վրա»,- նշել է հրատարակությունը:

 

Հրատարակությունը ճշտում է, որ խոսքը Ռուսաստանի դեմ լայնընդգրկուն տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետևանքների վերաբերյալ Եվրահանձնաժողովի մի ամբողջ շարք զեկույցներից մեկի մասին է: Դրանում քննարկված է երեք սցենար: Առավել արմատականը նախատեսում է Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելք:

 

Իրադարձությունների նման զարգացման դեպքում ընթացիկ տարում Գերմանիայի տնտեսության աճը կդանդաղի 0,9 տոկոսով, կարծում են փաստաթղթի հեղինակները: Հաջորդ տարի, ըստ նրանց կանխատեսման, տնտեսական աճի՝ պատժամիջոցների հետևանքներով պայմանավորված նվազումը կկազմի 0,3 տոկոս:

 

Հրատարակությունը բերում է մանրամասնություններ պատժամիջոցների առավել մեղմ տարբերակի մասին, որի դեպքում Եվրոպա ռուսական նավթի և գազի ներմուծումը կշարունակվի, բայց կսահմանվի Ռուսաստանից այլ արտադրանքի ներկրման արգելք: Այս տարբերակը կհանգեցնի Գերմանիայի տնտեսության աճի դանդաղման՝ այս տարի 0,3 տոկոսով և հաջորդ տարի՝ 0,1 տոկոսով:

 

Ըստ որում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկարաժամկետ հեռանկարում զեկույցի հեղինակները Գերմանիայի տնտեսության համար կանխատեսում են ավելի շոշափելի հետևանքներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: