Հայաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող օդանավը, որի թռիչքը ձգձգվել է Եգիպտոսում, այսօր՝ հունվարի 10-ի առավոտյան, ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ եգիպտական AIR CAIRO ընկերությանը պատկանող օդանավը վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 10:41-ին:
Հիշեցնենք, որ խոսքը հայաստանցի զբոսաշրջիկների մասին է, որոնք իրենց հանգիստ են անցկացրել Շարմ էլ-Շեյխում: Հանգիստը կազմակերպել է «Ֆեստա տուր» գործակալությունը: Զբոսաշրջիկները պետք է Հայաստան վերադառնային հունվարի 8-ին՝ երկու չարտերային չվերթներով: Օդանավերից մեկը Հայաստան է ժամանել հունվարի 9-ի գիշերը, երկրորդ չվերթը հետաձգվել է:
Եգիպտական ավիաընկերությունում թռիչքի հետաձգումը բացատրել են տեխնիկական պատճառներով: Այդ ժամանակահատվածում հայ զբոսաշրջիկներին տեղավորել են հյուրանոցներում: Եգիպտական ընկերությունը հայտնում է, որ այդ ծախսերն իր վրա է վերցրել իրենց ընկերությունը: