ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ կենտրոնի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների և բուհերի դասախոսներ ու ուսուցիչներ, մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ղեկավարներ մայիսի 14-ին քննարկեցին կրթությանը վերաբերող մի շարք հարցեր: Կրթական ոլորտի բարելավմանը միտված ազգային համաժողովն իրականացվում էր «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը' Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական ծրագրի թեմայով: Համաժողովին բացման խոսքով և ներածական զեկուցումներով միջոցառման մեկնարկին հանդես եկան Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը' Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհթել Հալլիստեն:

 

«Ինչպես մենք արդեն մի քանի անգամ շեշտել ենք, Եվրամիությունը մնում է Հայաստանի կրթական բարեփոխումների համար կարևորագույն գործընկերներից մեկը: Եվրամիության աջակցությամբ մեր բարեփոխումներն իրականացվում են նաև մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում: Հայաստանը Եվրոպական կրթական տարածքի անբաժանելի մասն է, ավելին' բարձրագույն կրթության տեսակետից 2012 թվականից մեր երկիրը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոնն է, որը 2015 թվականին կհյուրընկալի Բոլոնիայի նախարարական համաժողովը' լինելով միակ ոչ ԵՄ երկիրը, որը նման հնարավորության և պատվի է արժանացել»,- նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

ԿԳ նախարարն ընդգծեց, որ ծրագրի համագործակցությունն ունի երկու բաղարիչ, որոնք վերաբերում են ֆինանսական և բովանդակային աջակցությանը: «Անկախ նրանից, որ որոշ մտավախություններ էին հնչում, թե Եվրամիությունը կարող է նվազեցնել կամ էլ դադարեցնել իր աջակցությունը Հայաստանին, շեշտեմ, որ գիտության և կրթության ոլորտում մենք ունենք աջակցության շարունակական դրսևորումներ, նաև աճ: Օրինակ' 18 հայաստանյան բուհեր «Տեմպուս» ծրագրի շրջանակում շահել են դրամաշնորհներ, մենք շարունակում ենք կրթական բարեփոխումներ կատարել: Հայաստանը ԵՄ-ի հետ աշխատող առաջատար երկրներից մեկն է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը: Նա համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կարևորեց ազգային կոնֆերանսի անցկացումը: «Կրթությունը կարևորագույն, առանցքային առավելություն և գործիք է, որը խթանում է երկրի կերպարի ստեղծումը: ԵՄ-ն կրթության շուրջ Հայաստանում կանոնավոր երկխոսություն է վարում: Մի շարք կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել կրթության բարեփոխումների ոլորտում' շնորհիվ ՀՀ կառավարության հավատարմությանն իր իսկ բարեփոխումների օրակարգին»,-նշեց Հրիսթեան:

 

Համաժողովում քննարկվեցին ավագ դպրոցներում և բուհերում ԵՄ կենտրոնի կրթական ծրագրի փորձնական ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: