Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա ավանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեծ թվով մարդկանց զոհվելու պատճառով երկրի 19 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: Մարդիկ բողոքում են կառավարության դեմ' պահանջելով վերջինիս հրաժարականը:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում, Այդընում, Բալիքեսիրում, Չանաքքալեում, Թունջելիում (Դերսիմ), Օրդույում, Զոնգուլդաքում, Մուղլայում, Տրապիզոնում, Քոնիայում, Աքսարայում, Այնթապում, Շիրնաքում, Արդահանում և Անթալիայում:
Նախանցած գիշեր Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 787 մարդ մնացել է գետնի տակ: Վերջին պաշտոնական տվյալներով զոհվել է 282 մարդ, ոչ պաշտոնական տվյալներով' 350 մարդ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը' մեղադրելով նրան այն բանում, որ ածխահանքերի շահագործումը կատարվում է անվտանգության կանոնների խախտումներով: