«Ինչից հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հերքելով այն լուրերը, թե իրեն են պատկանում «Յուքոմ», «Միտսուբիշի», «Մեգասպորտ» ընկերությունները:

 

«Դուք կարող եք կարդալ, որ համապատասխան ապացույցներով հիմնավորվել է, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը: Ինչի՞ եք գերագնահատում իմ ուժերը»,- ասաց նա:

 

Նշենք, որ այսօր Գագիկ Խաչատրյանի բիզնեսների մասին բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն' ԱԺ նիստի ժամանակ:

 

«Հիմա, եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած գործիչը չի կարողանում ճշտել ու հավատում է լրատվամիջոցներին, որ սուտ լուրեր են տարածում, Արամ Մանուկյանի ներկայացրած հիսուներկու հոգուն Գագիկ Խաչատրյանը ո՞նց կկարողանա ապացուցել, որ չկա նման բան»,- նշեց նախարարը:

 

Վերջինս հայտարարեց, որ հպարտանում է «Յուքոմ» ընկերությունով, քանի որ հարյուր տոկոսանոց մաքուր աշխատող ձեռնարկություն է: «Ես հակված եմ, որ ցանկացած մարդ, ով ունի բիզնես ծրագրեր, մենք չենք հետաքրքրվում՝ ումն է բիզնեսը, եթե հետաքրքրվենք, կիջնենք սուբյեկտիվ դաշտ ու չենք կարողանա այդ դեպքում ազատ աշխատել: Դրա համար էլ մեր ՀՆԱ հարկերը բարձրացել են»,- նկատեց նա: