«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ում կսատարի նախագահական ընտրություններին, քանի որ, ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, առայժմ հայտնի չէ առաջադրված թեկնածուների ծրագրային դրույթները և մոտեցումները: «Չենք կարող ասել, որ որևէ թեկնածուի սատարելու ենք, կարելի է ավելի հեշտ ասել, թե ում ընդանրապես չենք սատարելու»,– ասաց նա։
Այնուամենայնիվ, Քոքոբելյանը հրաժարվեց անուններ տալ՝ պատճառաբանելով, որ հիմա որևէ թեկնածուի դերը նվաստացնելու մոտեցում չունեն։ Փոխարենը, նա նշեց, որ բնականաբար, իրենց նախընտրած թեկնածուն կարող է լինել բացառապես ազատական դաշտը ներկայացնող մեկը, իսկ այդպիսիք քիչ են:
«Հուսով ենք, որ հունվարի 14-ից հետո կունենանք բոլորի ծրագրային դրույթները և մոտեցումները, քազի մեզ համար կարևոր է իմանալ, թե ընդանրապես Հայաստանի ապագան և զարգացման տեսլականը ինչպես են տեսնում թեկնածուները»,- ասաց Քոքոբելյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մինչև հիմա իրենց դիմել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հանդիպում է ունեցել իրենց հետ. «Որոշակիորեն տեղյակ ենք Բագրատյանի ծրագրերից, սակայն վերջնական ծրագրերը կհրապարակի, կիմանանք: Իսկ այս պահի դրությամբ մենք հստակ չունենք ինչ-որ մեկին սատարելու հարցի պատասխանը»:
Կուսակցության նախագահը չբացառեց նաև, որ իրենք որևէ թեկնածուի չեն սատարի։ Նրա հավաստմամբ՝ դա բացառապես կախված է նրանց մոտեցումներից և հստակեցումներից:
Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու, այնուամենայնիվ, չառաջադրվեց կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ինչի մասին խոսակցություններ էին շրջանառվում մինչև առաջադրումները։ «Ազատ դեմոկրատների» առաջնորդի փոխանցմամբ՝ իրենք ասել են, որ մտածում են սեփական թեկնածուով հանդես գալու մասին: «Քննարկելով և՛քաղաքական իրավիճակը, և՛ ռեսուրսները, և բոլոր խնդիրները համադրելով ու հաշվի առնելով՝ մենք եկանք այն եզրակացությանը, որ նպատակահարմար չգտանք մեր սեփական թեկնածուով հանդես գալ»,- ասաց նա՝ գտնելով, որ միայն մասնակցության համար չի կարելի մասնակցել ընտրություններին: