Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը կողնակի վրա չի եղել: Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Պետրոսյանի մեքենայի անիվների հետքերից կարելի է եզրակացնել, որ դերասանի ավտոմեքենան սահելով կողնակում է հայտնվել բանուկ մասում բախումից հետո: «Եթե Պետրոսյանի մեքենան հարվածեր կողնակում կանգնած մեքենային, ապա չէր կարող այնպես ստացվել, որ դիմացի մե քենան 10 մետր առաջ գնար, իսկ Վարդանի մեքենան մնար նույն տեղում կանգնած: Եթե վթարը դիտարկենք այնպես, ինչպես ներկայացնում է մեղադրող կողմը, ապա պետք է հասկանալ, որ դերասանի մեքենան նույն տեղում չէր մնա»,-ասաց նա:

 

Փաստաբանը նաև պնդեց, որ վթարի պահին դերասանը չի գերազանցել արագությունը: Նա ընդգծեց, որ Երևան-Եղվարդ ավտոմայրուղու վրա, որտեղ տեղի է ունեցել վթարը, բնակավայր չի, ուստի այդ վայրում թույլատրելի արագությունը 90 կմ/ժամ է, իսկ իր պաշտպանյալը սահմանված արագությունը չի գերազանցել:

 

Բաղդասարյանը հերքում է նաև վթարի պահին իր պաշտպանյալի հարբած լինելու հանգամանքը: «Հենց վթարից հետո իմ պաշտպանյալը երկու անգամ ենթարկվել է փորձաքննության և արձանագրություն է կազմվել, ըստ որի' նա եղել է սթափ վիճակում: Այնուհետև անհասկանալի պատճառներով դատավորը կրկին փորձաքննություն է պահանջում»,- նշեց Բաղդասարյանը:

 

Դերասանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն կարծիք հայտնեց, որ Վարդան Պետրոսյանին մեղադրում են մի բանի համար, որով ի սկզբանե նրան մեղադրանք չի առաջադրվել: «Անընդունելի եմ համարում նման գործելաոճը: Վարդան Պետրոսյանին հիմա մեղադրում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, սակայն ի սկզբանե այդ մեղադրանքը չի եղել և միայն դատավորը չգիտես ինչու որոշել է կրկին փորձաքնություն նշանակել»,- ասաց նա:

 

Ֆրանսիացի պաշտպանը համաձայն է այն փաստարկների հետ, որոնք ներկայացնում է Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ բոլոր այդ փաստարկները նա ներկայացրել է նաև դատական նիստի ընթացքում, իսկ տուժող կողմը լռում է և ոչ մի կերպ չի արձագանքում: «Երեկվա դատական նիստում միայն տուժող կողմից մեկը Վարդանին անվանեց թշվառ հարբեցող և կոչ արեց խոստովանել, որ խմած է եղել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անընդունելի է մարդուն մեղադրել մի բանի մեջ, որ նա չի արել:

 

Մարի Լոռ Դոզենն ընդգծեց, որ Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելը Եվրոպական կոնվենցիայի խախտում է, քանի որ բավարար հիմքեր չեն ներկայացվում նրան կալանքի տակ պահելու համար: Փաստաբանն ընդգծեց, որ որպես հիմնական պատճառ դատարանը նշում է փախուստի վտանգը, սակայն չի հիմնավորում, թե ինչ հիմքեր ունեն, որ դերասանը կարող է փախուստի դիմել:

 

Հոկտեմբերի 20-ին' ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին' կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին'1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով' ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է կալանք, եւ մի քանի անգամ մերժել խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը: