«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուին սատարել-չսատարելու վերաբերյալ որոշում դեռեւս չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը' հավելելով, որ իրենց դիրքորոշումը հստակ կհայտնեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ: Չի բացառվում նաեւ, որ «Ազատ դեմոկրատները» որեւէ մեկին չսատարեն:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չեն մասնակցում ընտրություններին սեփական թեկնածուով, քանի որ կարծում են, որ պետք չէ մասնակցել դրանց զուտ մասնակցության համար եւ ընտրությունները սեփական գաղափարները տարածելու միակ ձեւը չեն: «Մենք այն կարծիքի ենք, որ առանց ընդդիմադիր դաշտի որոշակի շերտի համախմբման չի ստացվի որեւէ փոփոխություն տիրող իրավիճակում: Հաղթելու տարբերակ միշտ կա, հասարակության ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր հայացքներ ունի եւ դեմ է իշխանությանը: Մինչեւ այս պահը ընդդիմադիր դաշտում համախմբում չստավեց, եւ եթե նորից չստացվի այդ համախմբումը որեւէ թեկնածուի շուրջ, այս ընտրությունները չեն կարող տալ ցանկալի արդյունքներ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Որպես ազատական ուժ' նա համախմբումը տեսնում է ազատական դաշտում գործող թկենածուների շուրջ: Հարցին' արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ դաշտում է, նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն իրեն այդ դաշտից դուրս է բերել, եւ վերջին շրջանում գործում է պահանջատիրական եւ խիստ ազգայնական դաշտում: «Ազատ դեմոկրատների» նրան սատարելու հարցը Քոքոբելյանը փակված է համարում: Ի սկզբանե, նա բացառեց նաեւ իշխանության թեկնածուին' Սերժ Սարգսյանին սատարելը, մյուս թեկնածուների մասին չցանկացավ խոսել' ելնելով կոռեկտությունից: Իսկ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ «Ազատ դեմոկրատները» հանդիպել են, որոշակի քննարկումներ եղել են, բայց նրան սատարելու մասին որոշում առայժմ չունեն:
Ավելի վաղ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել էր, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել: