Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 մանկապարտեզներում և համար 1 միջնակարգ դպրոցում նախադպրոցական կրթության մեկական կենտրոն է բացվել 5-6 տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր խմբում ներառված է 25 երեխա. Այսպիսով, մանկապարտեզի ավագ խմբի տարիքի ևս 300 երեխա նվազագույն պարտադիր գիտելիք ձեռք կբերի մինչ դպրոց հաճախելը։

 

Կրթական կենտրոնները հիմնանորոգված են, համալրված նոր կահույքով ու գրենական պիտույքներով։ Նախադպրոցական կրթության կենտրոններում, ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում է, երեխաներին տրվում է երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ։ Երևանի քաղաքապետարանը նախադպրոցական նորաբաց խմբեր ներառող ուսումնական հաստատություններին տրամադրել է դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիք, այդպիսով, ընդհանուր թվով 24 նոր մանկավարժական աշխատատեղ է հատկացվել։

 

«Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Նորաբաց այդ կենտրոններում նախադպրոցական կրթությունն իրականացվելու է կրթության և գիտության նախարարության հաստատած «Կրթական համալիր ծրագրով»։ Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։ Ծրագրում Երևանի քաղաքապետարանը համաֆինասավորող կողմ է, ինչպես նաև ֆինասավորում է նորաբաց խմբերի մանկավարժների հաստիքները, երեխաների ամենօրյա սնունդը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

Նորաբաց կենտրոններ հաճախելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված՝ 5-6 տարեկան երեխաները՝ ըստ գրանցման հերթագայության։