«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպությունը ստացել է Մամիկոն Խոջոյանի երկու դուստրերի համաձայնությունը հայ գերու սպանության առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական գործ հարուցելու վերաբերյալ: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը մի քանի անգամ հանդիպել է Մամիկոն Խոջոյանին, գրի առել նրա խոսքերը, ունի նաեւ բժշկական եզրակացություն, համաձայն որի, Խոջոյանին ոչ միայն ենթարկել են խոշտանգումների, այլեւ ներարկել նավթամթերք:

 

Լարիս Ալավերդյանն ասաց, որ Հայաստանում գործ է հարուցվել Խոջոյանի մահվան առնչությամբ, այժմ կազմակերպությունը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջան, որպեսզի այնտեղ էլ քրեական գործ հարուցվի հայ գերու մահվան կապակցությամբ:

 

«Մենք, իհարկե, վստահ ենք, որ Ադրբեջանում գործ չեն հարուցի եւ չեն ուսումնասիրի փաստերը, քանի որ հայ գերուն խոշտանգելը նրանց պետական քաղաքականության մի մասն է, ինչպես դա եղավ Մանվել Սարիբեկյանի պարագայում: Սակայն դա պաշտոնական գործընթաց է, եւ եթե Ադրբեջանը մերժի կամ չպատասխանի մեր գրությանը, կսպասենք ամենաքիչը մեկ ամիս եւ հայց կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Ալավերդյանը' հավելելով, որ իրենց կազմակերպությունը հիմնական աշխատանքը կատարել է, եւ մնացել է կարգավորել մի քանի տեխնիկական հարցեր: Ալավերդյանը հա վելում է, որ մտադիր են նաեւ ՄԻԵԴ դիմել ոչ միայն Մամիկոն Խոջոյանի, այլեւ մի շարք հայ գերիների' Ադրբեջանում խոշտանգումների հարցով: Դա արդեն կլինի հավաքական հայց, որի հարցում, ըստ Ալավերդյանի, անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել եւ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր դեպքը:

 

Անդրադառնալով հայ գերիներին եւ անհայտ կորածներին' Ալավերդյանն ասաց, որ իրենց կազմակերպության տվյալներով, Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորածների թիվը 955-ն է, նրանցից 547-ը խաղաղ բնակիչներ, ովքեր չեն ցանկացել կամ չեն կարողացել լքել իրենց բնակավայրերը: Սա, ըստ Ալավերդյանի, ամենաամբողջական ցուցակն է, քանի որ ներառված են թե պաշտոնական, թե միջազգային ցուցակներն ու նաեւ քաղաքացիների ներկայացրած ցանկերը:

 

Ալավերդյանի փոխանցմամբ, Հեյդար Ալիեւի նախագահության ընթացքում կային որոշակի հնարավորություններ հասարակական կազմակերպությունների համագործակցության եւ գերիների փոխանակման առնչությամբ, սակայն Իլհամ Ալիեւի նախագահությունն ստանձնեիուց հետո որեւէ համագործակցություն դադարեց, ինչի հետեւանքով անհնար են դարձել գերիների եւ անհետ կորածների հարցերով որեւէ համագործակցությունն ու փոխանակումները:

 

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը անուշադրության հետեւանքով հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Խոջոյանը երեք որդի և երեք դուստր ունի, սակայն բնակվել է միայնակ: 77-ամյա գյուղացին առողջական խնդիրներ է ունեցել և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության ներքո: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է:

 

Նա հայրենիք էր վերադարձվել մարտի 4-ին: Հետագայում Խոջոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ կատարվածից եւ ապրիլի 20-ին մահացել է: Դիահերձման արդյունքներով պարզ է դարձել, որ Խոջոյանին Ադրբեջանում տեւական ժամանակ նավթամթերք են ներարկել, ինչն էլ դարձել է ծերունու մահվան պատճառը: