Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանին հայկական պատվիրակության մասնակցությունը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը, ովքեր Բաքվում հակահայկական ցույց են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականը:

 

Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել ԵԱՀԿ ԽՎ-ին հայերի մասնակցության կապակցությամբ: Նրանք ձեռքերում պահել են պաստառներ` «Հայեր, անմիջապես հեռացեք» գրությամբ:

 

Ադրբեջանական պարբերականը գրում է, որ ոստիկանությունը բռնությամբ ցրել է բողոքարարների կազմակերպած ցույցը: Նրանց մի մասը, այդուհանդերձ, շարունակում է իր բողոքը հայտնել մեջլիսի շենքի առաջ:

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 2-ը: ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է Արտաշես Գեղամյանը: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺ միջազգային կապերի բաժնից: