Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել այդ երկրում օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում, կեղտոտ քարոզարշավ է սկսել իր մրցակիցների դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն իր մրցակիցներ' գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժում (ԱՇԿ) կուսակցությունների միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուին եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) թեկնածու Սելահեթդին Դեմիրթաշին մեղադրել է իր կառավարության կոռուպցիոն գործողությունները բացահայտած Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հետ «համագործակցության» մեջ:
Հետաքրքիր է, որ այդ մեղադրանքների կողքին քրդաբնակ Ուրֆայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ողորմածությամբ է հիշատակել Ֆեթուլլահ Գյուլենի զարգացրած արդի իսլամի գաղափարախոսության' նուրսիզմի հիմնադիր, քուրդ առաջնորդ Սայիդ Նուրսիին: Ելույթում Էրդողանը քննադատել է ԺՀԿ, ԱՇԿ եւ ԺԴԿ կազմակերպություններին եւ անհիմն մեղադրանքներ տեղացել նրանց հասցեին' նշելով, թե իբր նրանք «գործում են Թուրքիայի դեմ», արգելում են Ղուրանը, ապօրինություններ թույլ տալիս, դեմ են թուրք կանանց գլխաշոր կրելուն, հեղաշրջման փորձեր են կատարում, եւ եթե թույլ տրվի, որ նրանք միավորվեն, ապա կկործածնեն Թուրքիան: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Ուրֆայի բնակիչները նախագահական ընտրություններում իրենց ձայնը կտան իրեն:
Թուրքական «Աքշամ» թերթը հայտնում է, որ Էրդողանն իր մրցակիցների դեմ օգտագործել է նաեւ «ադրբեջանական հաղթաթուղթը»: Անթալիայում ունեցած ելույթում նա հայտարարել է, որ ԺՀԿ-ականների իշխանության ժամանակաշրջանում վերջիններս սպանել են 146 ադրբեջանցի հակակոմունիստների:
«1944 թվականին, ադրբեջանցի մեր 146 եղբայրներ ռուսներից մազապուրծ փախել եւ ապաստանել էին Թուրքիայում: Թուրքիան հանուն չեզոքության մեր այդ 146 եղբայրներին հանձնեց Ստալինի զինվորներին: Հենց որ ադրբեջանցի եղբայրներն անցած Բորալթանի կամուրջը, մեր իսկ զինվորների աչքի առաջ նրանց գնդակահարեցին», -ասել է նա: Էրդողանը նաեւ հավելել է, որ իրենք երբեք չեն դավաճանի «ադրբեջանցի եղբայրներին», ինչպես դա արել են «արատավոր անցյալ ունեցող ժողովրդահանրապետականները»: