Ուկրաինայում աղետի ենթարկված Boeing-ում եղել են հոլանդացի մի քանի հայտնի գիտնականներ և հետազոտողներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DutchNews հրատարակությանը, նրանք Ավստրալիա էին ուղևորվում՝ մասնակցելու ՄԻԱՎ-վարակների դեմ պայքարի հարցերին նվիրված գագաթնաժողովին:

 

Նրանցից մեկը՝ 60-ամյա Յուպ Լանգեն, որը Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր էր, իր կյանքի մեծ մասը նվիրել էր տարբեր վիրուսների բուժման հարցերի ուսումնասիրությանը: Նա 1992-1995 թվականներին որպես ՁԻԱՀ-ի գծով փորձագետ է աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ), իսկ 2002-ից մինչև 2005 թվականները գլխավորել է «ՁԻԱՀ-ի գծով միջազգային հանրակցություն» կազմակերպությունը:

 

Վերջին ժամանակներս գիտնականը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում մասնավոր ու հանրային տարբեր կազմակերպությունների և ղեկավարում էր Ամստերդամի Գլոբալ առողջության և զարգացման ինստիտուտի գործունեությունը: Հետազոտողը ավելի քան 350 հոդված է հրապարակել ՄԻԱՎ-վարակների դեմ պայքարի թեմատիկայի վերաբերյալ, իսկ 2007 թվականին արևադարձային բժշկության գծով աշխատանքի համար ստացել է Հոլանդիայի հեղինակավոր պարգևը՝ Էյկմանի մեդալը:

 

 

Նրա հետ միասին Մելբուռն էին ուղևորվում նաև այլ գիտնականներ: Նրանց ողբերգական մահը «ՁԻԱՀ-ի գծով միջազգային հանրակցություն» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միխայել Կեսլերն «անփոխարինելի կորուստ» է համարել ՄԻԱՎ-վարակների դեմ պայքարի հարցերով զբաղվող ողջ գիտական հանրակցության համար:

 

Նաև հայտնի է, որ օդանավում էր գտնվում տարրական դպրոցի ուսուցիչ Բարտ Լամբրեխտսը՝ իր ընկերուհու՝ Ասթրիդ Հոռնիքսի հետ: «Նրանք շատ անմիջական, շփվող մարդիկ էին, որոնք հաճույք էին ստանում կյանքից: Նրանց հետ կարելի էր զրուցել ամեն ինչի մասին, և շատ համապատասխան զույգ էին: Պարզապես անհնար է հավատալ, որ նրանք այլևս մեզ հետ չեն»,-արցունքն աչքերին նշել է նրանց ընկերը՝ Անդրե Վերսթեյլենը:

 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ ինքնաթիռում էր գտնվում ևս մեկ զույգ՝ Հերտ Թիմերսը՝ իր տիկնոջ՝ Հաննիի հետ: Նրանք պատրաստվում էին կատարել իրենց վաղեմի երազանքը՝ հեծանվային շրջագայություն կատարել Ճավա և Բալի կղզիներով:

 

Զոհվածների ազգականների ու մերձավորների համար Հոլանդիայի իշխանությունները թեժ գիծ են բացել, որով կարելի է ստանալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Ողբերգության զոհերի ազգականներից շատերն այժմ գտնվում են Ամստերդամի միջազգային օդանավակայանի մերձակա հյուրանոցում և սպասում են Ուկրաինա մեկնելու հնարավորությանը, որպեսզի այցելեն աղետի վայր:

 

Ողբերգական հաղորդագրությունների շարքում պարզվել է, որ ՄՆ17 չվերթով Մալայզիա թռչելու պատրաստվող ընտանիքներից մեկի բախտը հրաշքով բերել է, քանի որ նրանց տեղերն արդեն զբաղված են եղել: Հոլանդական KLM ընկերությունը Հերտ Յանսենին, նրա կնոջը՝ Պուդյիին և որդուն՝ Փաշային, տրամադրել է Դուբայով թռիչքի այլընտրական տարբերակ, ինչով էլ, ինչպես պարզվել է, նրանց փրկել է անխուսափելի մահից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: