Դամասկոսի Ջարամանա արվարձանում հուլիսի 22-ին հրասանդ ընկնելու հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, ևս 8-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանության տեղեկություններով հրասանդն ընկել է Ռուդա թաղամասում: Բացի մարդկային վնասներից մոտակայքում գտնվող տները, առևտրի կենտրոնները և մեքենաները նյութական վնասներ են կրել: Զինյալները կրակ են բացել Դարաայի և Սուեյդայի միջև ճանապարհով անցնող ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով 1 քաղաքացի զոհվել է, ևս 6-ը վիրավորվել են: Զոհեր են գրանցվել նաև Հասաքե քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Զինյալները պայթուցիկ սարքավորում են տեղադրել Հասաքեի առևտրի կենտրոններից մեկի մոտ, որի պայթյունից 3 մարդ զոհվել, ևս 5-ը վիրավորվել է:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զինված ընդդիմադիր խմբավորումները հուլիսի 22-ին հրասանդներ են արձակել Դամասկոսի Զաբլատանի թաղամասի ուղղությամբ, որի հետևանքով 18 քաղաքացիներ վիրավորվել են: Զինյալները 11 հրասանդ են արձակել Զաբլատանիի Ալ Հալ շուկայի ուղղությամբ: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնները և մեքենաները:

 

Զաբլատանին գտնվում է Աբբասյան հրապարակի մերձակայքում, որին հասնելու համար զինյալները ռազմական գործողություններ են ծավալել՝ գրավելով մի քանի շինություններ:

 

«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ, բախումներ են ընթանում Դամասկոսի Ջոբար թաղամասում: Զինված խմբավորումները փորձում են առաջ շարժվել դեպի մայրաքաղաքի կենտրոն: Ակտիվիստների տեղեկացմամբ, սիրիական ռազմաօդային ուժերը ռմբակոծում են թաղամասը: Բախումներ են ընթանում նաև ԻԼԻՊ խմաբավորման և կառավարական ուժերի միջև Հոմսի Ջաբալ Շաիր գյուղի մերձակայքում: Կառավարական ուժերը փորձում են վերահսկողության հաստատել գազի բազայի վրա:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ: