Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը:

 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 24-ին «Ազատության» հետ զրույցում, խոսելով սահմանների անվտանգության մասին, մասնավորապես, այս մասին նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք»,-նշել է նա:

 

«Տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը և որտեղ դիրքերը միմյանցից հեռու են»,- ասում է Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշում է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքերը:

 

«Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցու մ»,-ընդգծել է նախարարը:

 

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել' խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման և հայ-ադբեջանական սահմանին խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ:

 

Եռանախագահները հորդորել են կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Կողմերին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

 

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի:

 

Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտների նկատմամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ և առաջադրել մի քանի մեղադրանքներ: