ՌԴ սննդի անվտանգության եւ ապահովման ծառայությունը որոշում է կայացրել արգելք դնել Ռուսաստան ուկրաինական կաթնամթերքի ներմուծման վրա: Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն' ուկրաինացի արտադրողները չեն պահպանում սանիտարա-հիգիենիկ այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կաթնամթերքի արտադրության համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվարտը հաղորդել է, որ ուկրաինացի արտադրողները չեն վերահսկում արտադրության ընթացքն, եւ հաճախ վտանգավոր ու արգելված նյութերի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է նորմերը:
Մոսկվայից հնչող այս տեսակետի հետ Կիեւում համաձայն չեն: Նրանք հավաստիացրել են, որ ուկրաինական կաթնամթերքի մեջ չեն եղել արգելված եւ վտանգավոր նյութեր:
Մինչ այս արգելքը, հուլիսի 4-ից արգելվել էր «Milkiland Ukraine» ընկերության արտադրանքի մուտքը: Պանիր եւ կարագ արտադրող ուկրաինական վեց ընկերության արտադրանքը նույնպես համարվել էր ոչ պիտանի: Բացի այդ, Ռուսաստանն արգելել է իր տարածք ուկրաինական կարտոֆիլի ներմուծումը, իսկ 2013թ. պաշտոնական Մոսկվան արգելք դրեց ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրանքի վրա:
Դրան ի պատասխան' Կիեւը արգելք դրեց իր տարածք ռուսական ապրանքների, հիմնականում, մսամթերքի, կենցաղային ու գրենական պիտույքների ներմուծման վրա: