ԵԱՀԿ  Մինսկի  խումբը զգալի ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային  Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն  կոնֆլիկտի  կարգավորման  վերաբերյալ  փաստաթուղթ քաղաքական սկզբունքներով: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին ИТАР-ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի  նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Անխոս, անհանգստացնող է այն, ինչ կատարվում է հակամարտության գոտում:  Կողմերը միմյանց մեղադրում են  սադրիչ  գործողությունների մեջ: Այդպես եղել է նաև նախորդ տարիներին, և ցավոք, մենք արդեն երկար տարիներ  ականատես ենք լինում նմանատիպ բռնկումների, սակայն
այս անգամ այդ ամենն ավելի սուր է ընդունվում և  ներկայացվում:

 

Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահող  երկրների հետ, որտեղ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ համանախագահում է նաև Ռուսաստանը, անընդհատ  կոչ  ենք արել    կողմերին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել   բռնության»,- ասել է Լավրովը:


ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ վերջապես այս շաբաթ Սոչիում նախատեսված են ՌԴ նախագահի առանձին հանդիպումները   Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: «Եվ երբ նրանք միևնույն ժամին լինեն նույն տեղում, հնարավոր չի լինի շրջանցել  Լեռնային Ղարաբաղի հարցը:

 

Իսկ թե ինչպես դա կկազմակերպվի, կախված է մեզանից»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության  ղեկավարը:
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ կխոսեն այն մասին, թե ինչպես կարող են իրենք, Մինսկի  խումբը, համանախագահները օգնել, որպեսզի ամրապնդվեն վստահության մեխանիզմները և կրճատվեն առճակատման ռիսկերը:


«Հակամարտությունը շատ էմոցիոնալ է ընկալվում երկու կողմերից: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր  ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի օգնենք կողմերին լուծել այն մի քանի հարցերը, որոնք առայժմ խանգարում են հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական սկզբունքներով փաստաթղթի ընդունմանը:


Այդ մի քանի հարցերը պետք է բերել մի վիճակի, որպեսզի կողմերը կարողանան իրենց համար ընդունելի փաթեթ մշակել»,- ասել է  Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նմանատիպ քաղաքական հայտարարության ընդունումը, որը կուրվագծի այն սկզբունքները, որոնցով  հնարավոր կլինի առաջնորդվել հակամարտության կարգավորման ընթացքում, անպայման կնպաստի մթնոլորտի հանդարտեցմանը:

 


«Անել սա այնքան էլ հեշտ չէ: Նման փորձեր շատ անգամներ են եղել և ամեն անգամ մեզ թվում էր, որ ահա կհասնենք մի կետի, երբ  համաձայնությունը կկայանա, սակայն ինչ-որ բան խանգարում էր: Ուստի ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց»,- հայտարարել է  Լավրովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հարկավոր է օգնել հայերին և ադրբեջանցիներին գտնել այնպիսի
ձևակերպումներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար էլ:


Լավրովը նաև հիշեցրել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ
համաձայնեցվել է համեստ մի հայտարարություն, որը վերաբերել է կողմերի միջև վստահության ձևավորմանն
ուղղված քայլերի զարգացմանը: «Եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ պահին հարկավոր էր փոխանակվել  զոհվածների դիակներով, ռազմագերիներով և համաձայնեցնել ինչ-ինչ լրացուցիչ քայլեր, որոնք կհանգստացնեին իրավիճակը շփման գծում»,- մանրամասնել է նա:

 


Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված' բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

 

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի
տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության  բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: