Հայաստանի Զինված ուժերը հաղթանակած բանակի հրամանատարներով են համալրված: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը հերթական անգամ փաստեցին, որ հայկական զինված ուժերի դիրքերն ամուր են, հայկական բանակն ու հասարակությունը' համախմբված եւ միասնական: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

«Հակառակորդը փորձ արեց ստուգել հայի հոգու ամրությունը, բայց նրանք չէին գիտակցում, որ հայկական զինուժի դիրքերն ամուր են, իսկ բանակն ու հասարակությունը' համախմբված»,-նշեց նախարարը: Սահմանին իրավիճակն այսօր էլ լարված է, եւ հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, տարբեր տրամաչափի զենքերից կրակում է հայկական դիրքերի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ: «Սակայն առաջնագծում հայ զինվորն է եւ նա գիտի իր առաքելությունն ու շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Այս օրերի ընթացքում հայկական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի քսանից ավելի դիվերսիոն հարձակումներ, որոնք, բնականաբար, հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ձեռքի գործն են: Սա հերթական անգամ փաստում է հայ տղաների խիզախությունը, հայրենասիրությունն ու մարտական պատրաստվածությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ հպարտ է ՀՀ Զինված ուժերով եւ այսօր բանակը հերթական անգամ ապացուցեց, որ կայացած, հաստատուն եւ թրծված կառույց է, որն անցել է պատերազմի բովով:

 

Նախարարը շեշտեց, որ հանդիպել է միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ եւ միջազգային հանրությանը ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը: «Հայկական կողմը պաշտպանում է իր պետության սահմաններն ու բնակչության անվտանգությունը, մինչդեռ հակառակորդն ապակողմնորոշում է միջազգային ատյաններին, սեփական հանրությանն ու տարածում ապատեղեկատվություն: Ցավում եմ երկուստեք մարդկային կորուստների համար: Ցավում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմաթիվ կյանքերի գնով պետք է համոզենք մեր խաղաղասիրությունն ու մարդասիրությունը: Նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Կատարվածն ու երկուստեք մարդկային զոհերը Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության խղճի վրա են: Ադրբեջանն իր ստի զոհն է: Կեղծելով իրադրությունն ու իրենց բանակը ներկայացնելով կարող եւ անպարտելի' սեփական ժողովրդի մոտ հայտնվեցինն փակուղային իրավիճակում»,- ասաց Սեյրան Օհանյանը: