Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվանից արգելել է նախագահական ընտրությունների շրջանակում նախընտրական արշավում նախագահի թեկնածու, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գովազդային հոլովակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Նշվում է, որ Էրդողանին գովազդող հոլովակի ցուցադրությունը ԿՀԸ-ը արգելել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պահանջով:

 

Արգելքի համար պատճառ է հանդիսացել գովազդային հոլովակում ազանի (մոլլայի կողմից աղոթքի կոչ) եւ կրոնական այլ խորհրդանիշների առկայությունը: Թուրքիայի ԿԸՀ-ն դա գնահատել է որպես կրոնական զգացմունքների շահագործում: Ավելի վաղ Թուրքիայի ԿԸՀ-ն մարտի 30-ին անցկացված քաղաքապետական ընտրությունների շրջանակում արգելել էր Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գովազդային հոլովակը եւս' նրանում թուրքական դրոշը որպես ատրիբուտ օգտագործելու պատճառով:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: Այդ երկրի նախագահի պաշտոնի համար, բացի էրդողանից, մրցում են նաեւ ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն եւ մոտ 20 մլն թուրքաբնակ քրդերի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշը: Եթե որեւէ թեկնածու առաջին փուլում 51 տոկոս ձայն չհավաքի, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: