«Mediamall.am» կայքը ներկայանում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.


Վթար Երևան-Ստեփանավան ավտոճանապարհին. կա 3 վիրավոր

 

Օգոստոսի 11-ին, ժամը 00.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Ստեփանավան հատվածում (152-րդ կմ, Ամրակից գյուղում) «Վազ 21-07» մակնիշի 45 LO 883 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Վ. Ա.) բախվել է «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 77 SS 377 պ/հ ավտոմեքենային (վարորդ' Ա. Ծ.), վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել մոտակա ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' ուղևորներ Ս. Վ.-ն (ծնվ. 1967 թ.), Հ. Ծ.-ն (ծնվ. 1992 թ.) և Գ. Ծ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղափոխվել են Ստեփանավանի ԲԿ:

Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 

***

 

Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Սոչիում կայացած հանդիպումը

 

Սոչիում կայացած եռակողմ հանիպումը կարևոր նշանակություն ունի, քանզի այն հաջորդել է այնպիսի զարգացումների, որոնք խիստ մտահոգիչ էին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Արցախում առանցքային են համարում հանգամանքը, որ հանդիպան ընթաքում, որպես խնդրի լուծման միակ տարբերակ շեշտվել է բացառապես խաղաղ ճանապարհը: «Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

ԼՂՀ ղեկավարի խոսնակը համարում է, որ Սոչիում նախագահների հանդիպման ամենակարևոր ուղերձն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչի անհրաժեշտությունը շեշտվեց նաև Ռուսաստանի կողմից: «Եվ կարևոր է, որ Ռուսաստանն էլ դա կրկնեց' ցույց տալով շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Կարծում եմ, որ համանախագահող մյուս երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Բաբայանը:

 

«Բնական է, որ այդ խաղաղ կարգավորումը պիտի լինի փոխզիջումային: Սակայն սա պետք է լինի ոչ միանշանակ զիջումներ, ինչը մշտապես պահանջում է Ադրբեջանը: Բնական է, որ այս ամենը թույլ է տալիս ակնկալել, որ գործընթացը շարունակվում է»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

 

Սոչիում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին:

 

 

***

 

Էրդողանը նախագահական ընտրություններում իր հաղթանակը ժողովրդավարության նվաճում է համարում

 

Թուրքիայի տարբեր ընտրատեղամասերում բացված քվեատուփերի 99.05 տոկոսի արդյունքներով երկրում նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարն «Արդարդություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, ներկայիս վարչապետ Էրդողանիօգտին է քվեարկել 20 միլիոն 533 հազար 166 մարդ, այսինքն քվեարկողների 51. 71 տոկոսը:

Ընդդիմության առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի օգտին քվերակել են համապատասխանաբար 15 միլիոն 311 հազար 386 (38.56 տոկոս) և 3 միլիոն 860 հազար 887 (9.72 տոկոս) մարդ:

Թուրքիայի' ընտրելու իրավունք ունեցող 52 միլիոն 920 հազար 985 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 40 միլիոն 443 հազար 183-ը:

Ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Էրդողանն արդեն իսկ հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին' հայտարարելով, թե «իր հաղթանակով երկրում մեկ անգամ ևս հաղթանակեց ժողովրդավարությունը»:

 

***

 

ԼՂ գոտու խաղաղապահ ուժերի կազմը եւ լիազորությունը կորոշվի Մեծ համաձայնագրում. Սերժ Սարգսյան

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում խաղաղապահների տեղակայման հեռանկարի մասին հարցին ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ է լսում ԼՂ շփման գոտում միայն ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահը հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, հավելելով, որ այդ փաստաթուղթը ենթադրում է խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով:

«Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն' կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն»,-ասաց նախագահը:

 

***

 

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ

 

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում' կիրառելով հրաձգային, այդ թվում' խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ' հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն' օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական կողից խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 6 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 889 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

***

 

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ ղեկավարությունը մեկնել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գոտի

 

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի մի խումբ սպաներ ԳՇ ղեկավար Նաջմեդդին Սադըգովի գլխավորությամբ մեկնել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղակայված զինվորական մասեր եւ զորամիավորումներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության, տվյալ այցի նպատակը հանդիսանում է շփման գծում տեղակայված զորամասերի մարտական պատրաստականության, պաշտպանունակության եւ նյութա-տեխնիկական հագեցվածության ստուգումը:

Ըստ երեւույթին Ադրբեջանի ԶՈւ ԳՇ ղեկավարը դժգոհ է շփման գծում տեղակայված զորամիավորումների հրամանատարության աշխատանքից, որը ցայտուն կերպով բացահայտվեց հուլիսի 31-ից օգոստոսի 8-ն նընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանապահների եւ ԼՂՀ դիրքապահների դեմ դիվերսիոն գործողություններում ադրբեջանական կողմի կրած ջախջախիչ պարտության արդյունքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության համաձայն, այդ օրերին ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 26 զոհ, 30 վիրավոր:

 

***

 

Կարեն Պետրոսյանի մահն ադրբեջանցիների խղճի վրա է. Սերժ Սարգսյան

 

Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի մահն ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին' մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Կարենի օրինակով գործ ունենք ռազմական հանցագործության հետ՝ երբ միջազգային նորմերը չեն պահպանվել. խաղաղ բնակչին, որի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, ստիպել են, որպեսզի ցուցմունք տա, ինքնախոստովանի, թե ինքը դիվերսանտ է, և այնքան են խոշտանգել, որ մահացել է, նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր մեկ այլ թեմայով խոսելիս ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»: Բայց մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով' ինքը հասկանում է, որ անհնար է բոլորին վերահսկել, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ:

 

***

 

Նորագավիթում դանակահարություն կատարած տղամարդը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

 

Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում օգոստոսի 9-ին' ժամը 01.45-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված Գևորգ Բ.-ին: Նա ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 6/1 տան դիմաց' երկաթգծի մոտ, դանակահարել է իրեն: Ոստիկանության Շենգավիթի և Բագրատաշենի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 01.50-ին, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958թ. ծնված Աշոտ Վ.-ին: Աշոտ Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Ոստիկանները ձերբակալել են չորսուկես միլիոնի սարքավորումներ և ոսկյա զարդեր գողացած երիտասարդին

 

Ոստիկանության Կումայրիի բաժնում մարտի 5-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Աննա Ք.-ի տնից 4.500.000 դրամ ընդհանուր արժողության էլեկտրական սարքավորումներ և ոսկյա զարդեր գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986թ. ծնված Գարիկ Ա.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:

 

***

 

Ադրբեջանում հերթական երիտասարդն ինքնասպանություն է գործել

 

Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում ինքնասպանություն է գործել հրթական երիտասարդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շրջանի բնակիչ Նիջաթ Հասանովը (ծնվ. 1992 թ.) կախվել է սեփական տանը:

Նիջաթ Հասանովն ինքնասպանության է դիմել այն բանից հետո, երբ իմացել է, որ հեռացվել է ռուսաստանյան բժշկական ինստիտուտից, որտեղ նա սովորում էր: Փաստի առնչությամբ Աղստաֆայի շրջանային դատախազությունը հետաքննություն է սկսել:

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 167 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը անչափահասներ են եղել:12 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

***

 

Երևանի Աբովյան փողոցում «ԳԱԶել»-ը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ

 

«ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 36 շենքի մոտ օգոստոսի 9-ին' ժամը 13.00-ին, վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: