Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն անհանգստացած է Միջին Արևելքի քրիստոնյաների և փոքրամասնությունների ճակատագրով: Շառլ Ազնավուրը խախտել է իր լռությունը և այսօր հարցազրույց տվել «Եվրոպա 1» մեդիաընկերությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով europe1.fr կայքը, լեգենդար երգիչը խոսել է Իրաքի և Սիրիայի քրիստ ոնյաների և փոքրամասնությունների ողբերգական վիճակի մասին:
«Ես վաղուց եմ խախտել լռությունս: Բայց ոչ ոք չի լսում, ոչ ոք չի պատասխանում: Մենք չենք կարող ապրել եսասիրաբար: Վերցրեք մի բնակարան, օգնեք նրանց գնալ ինչ-որ տեղ: Գտեք նրանց համար բնակարան»,- նշել է Ազնավուրը՝ կոչ անելով օգնել այդ մարդկանց: Նա փաստել է, որ այսօր մենք ապրում ենք տառապանքի աշխարհում:
Ֆրանսիական երգի լեգենդը կարծում է, որ Ֆրանսիայի լքված գյուղերը կարող են վերաբնակեցվել այս եղանակով:
Երգիչն այնուհետև խոսել է այն մասին, որ 40 իրաքցի քրիստոնյաներ Ֆրանսիա են ժամանել նախորդ հինգշաբթի: «Ես ողջունում եմ դա: Ես հավատում եմ, որ պարոն Ֆաբիուսը (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը) արել է դա ի խորոց սրտի: Դա քաղաքական քայլ չէ: Այդ ընտանիքները կարող են օգնել իրենց երեխաներին, մեծացնել նրանց, աշխատել և ապրել արժանապատիվ»,- նշել է Ազնավուրը: